Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեռ ինչքան վնաս է կրելու Ռուսաստանը Պուտինի վարած քաղաքականության պատճառով. «Բլումբերգ»

18:38, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Դեռ ինչքան վնաս է կրելու Ռուսաստանը Պուտինի վարած քաղաքականության պատճառով. «Բլումբերգ»

Արդեն ավելի քան 8 ամիս է, ինչ ՌԴ տնտեսությունը շարունակական անկում է ապրում՝ կապված արևմտյան պատժամիջոցների և հատկապես նավթի գների աննախադեպ անկման հետ:

Ամերիկյան «Բլումբերգ» պարբերականն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության պատճառով երկրի կրած վնասներին՝ նշելով, որ այդ վնասները շարունակվելու են՝ ավելի վատթար իրավիճակ ստեղծելեվ ՌԴ տնտեսության մեջ:

«Վերջին ուսումնասիրությունների և զեկույցների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր քաղաքականության պատճառով կարողացել է անմխիթար վիճակ ստեղծել Ուկրաինայում՝ չնայած այն հանգամանքին, որ Արևմուտքը փորձում է օգնել վերջինին տնտեսական խնդիրները հաղթահարելու հարցում: Սակայն այդ նույն ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ Ուկրաինայի դեմ ուղղված ՌԴ նախագահի այդ քայլերը ոչ պակաս չափով վնասել են նաև Ռուսաստանի տնտեսությանը:
     Բացի այդ՝ նավթի գների անկումը հանգեցրել է նաև Ռուսաստանի արժույթի արժեզրկմանը: Թեև ՌԴ ԿԲ-ը փորձում էր ռուբլու արժեզրկումը կանխելու նպատակով մի շարք միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ նաև վերաֆինանսավորման իջեցումը, սակայն այդ բոլոր միջոցները կարծես ապարդյուն են անցնում:

Եթե ՌԴ նախագահը չդադարեցնի իր քաղաքականությունը հարևանների հանդեպ, ապա, ենթադրվում է, որ երկրի տնտեսությունը գնալով ավելի սուղ վիճակում է հայտնվելու:

Նախկինում նավթի բարձր գների շնորհիվ Ռուսաստանը կարողացել էր մինչև 2008թ. հսկայական ռեզերվներ կուտակել՝ հասցնելով դրանք 600 միլիարդ ամերիկյան դոլարի: Սակայն վերջին իրադարձությունների և արտարժույթի անկումը փրկելու նպատակով ձեռնարկած գործողությունների արդյունքում այդ ռեզերվները նվազել են մինչև 364 միլիարդ ամերիկյան դոլար: Որոշ փորձագետների կանխատեսումներով՝ եթե ռուբլին շարունակի արտարժույթի շուկայում նման տատանումներ գրանցել, ապա ՌԴ Կենտրոնական բանկը ստիպված է լինելու կրկին դիմել ռեզերվների օգնությանը, որի արդյունքում դրանք մինչև 2015թ. վերջը կնվազեն մինչև 100 միլիարդ ամերիկյան դոլար:

Այդ ամենի պատճառով մեծապես տուժելու է նաև Ռուսաստանի բնակչությունը: 1999թ. Պուտինի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ այդ երկրում զգալիորեն նվազել են մանրածախ առևտրի տեմպերը, իսկ բնակչության աշխատավարձերը սկսել են զգալիորեն նվազել:

Բացի այդ, տնտեսական վերլուծաբանները կարծում են նաև, որ Ուկրաինայում պատերազմական վիճակի շարունակության և պատժամիջոցների չվերացման դեպքում այս տարվա ընթացքում ՌԴ տնտեսության զարգացման տեմպերը կարող են նվազել մինչև 10%:

Եվ այդ ամենը միայն պատերազմական վիճակից հյուծված Ուկրաինայի շրջաններից մեկի՝ Ղրիմի պատճառով, որը Ռուսաստանն իրեն միացրեց դեռևս անցած տարի:
     Այս ամենի արդյունքում միայն մեկ փաստ է մնում զարմանալի. այն, որ Ռուսաստանի ժողովուրդը դեռևս շարունակում է վստահել իր նախագահին՝ նրա քաղաքականությունը համարելով տեղին և օգտակար ողջ երկրի համար»,- տեղեկացնում է պարբերականը:

6395 | 3
Facebook