Սուխումիի Աչադարա գյուղում ոչ սթափ վիճակում գտնվող ռուս զինվորները ավազակային հարձակում են գործել 8 ընտանիքի վրա, այս մասին հաղորդել էր «Աբխազեթի»-ն: Ըստ կայքի` միջադեպը տեղի էր ունեցել Գումիստա գետի մոտ, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ հայեր: Ռուս զավթիչները զրահամեքենաներով և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով ներխուժել էին գյուղ: Նրանք բնակիչներից հափշտակել էին գումար, իսկ մի ընտանիքից էլ վերցրել մանդարինով բեռնված մեքենան, որը ճանապարհին փչացել էր, և զավթիչները թողել էին այն Էշերի կամրջի վրա, հավելել էր կայքը:
Ավազակային հարձակման ժամանակ ռուս զինվորները մարմնական վնասվածքներ էին հասցրել գյուղի բնակիչներին: Նշվում էր, որ նրանցից մեկը` 76-ամյա Լյուսյա Քոչարյանը ներկա պահին գտնվում է հիվանդանոցում:
Քիչ առաջ «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբխազիայի Ներքին գործերի նախարար Ռաուլ Լոլուան հերքել է «Աբխազեթի» տարածած տեղեկատվությունը: Նա ասել է, որ դա սադրանք է. նման դեպք չի եղել: Ինչ վերաբերում է տեղի հայ բնակչությանը, ապա Լոլուայի խոսքով, նրանց ոչինչ չի սպառնացել ու չի սպառնում: