Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Հետաքրքիր է

Աղասի Խանջյանի` խիստ վթարային վիճակում գտնվող ամառանոցը կրկին ուշադրության կենտրոնում է

00:24, երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.
Աղասի Խանջյանի` խիստ վթարային վիճակում գտնվող ամառանոցը կրկին ուշադրության կենտրոնում է

Դիլիջան քաղաքում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի` Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում օրերս կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի անդամների նիստ, որի ընթացքում հնչել են կարծիքներ և մասնագիտական առաջարկներ՝ հուշարձանը ամրակայելու, ինչպես նաև տեղափոխման և վերստեղծման հնարավորության վերաբերյալ:
     Հաշվի առնելով շինության ներկա վիճակը, տեղազննության արդյունքում ճարտարապետների և կոնստրուկտորի ներկայացրած դիտողությունները՝ որոշվել է շարունակել սողանքների ու գրունտների հետ կապված ուսումնասիրությունները և դրանց ավարտից հետո նախարարություն ներկայացնել համապատասխան էսքիզային առաջարկ:
     Աղասի Խանջյանի ամառանոցը կառուցվել է 1936 թվականին։ Ներկայում խիստ վթարային վիճակում է:
     Շենքի շինարարությունը տևել է 1928-1936 թթ, տեղավայրն անձամբ Խանջյանն է ընտրել։ Ըստ որոշ տվյալների՝ նախկինում այստեղ տեղակայված է եղել Ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը։ Չնայած որ կառուցվել է որպես Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ամառանոց` չի ծառայել իր նպատակին։ Որոշ ականատեսների վկայությամբ՝ Խանջյանն այս ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ:

Աղասի Խանջյանի` խիստ վթարային ամառանոցը
Աղասի Խանջյանի` խիստ վթարային ամառանոցը

Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի։ Հայաստանի կոմկուսի երկրորդ քարտուղար Պողոսովը կազմակերպել է շենքի վերանորոգումը, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ վերականգնել պատերի զարդանախշերը և միայն առաստաղի զարդանախշն է հնարավոր եղել փրկել ոչնչացումից։ 1980-ական թթ. վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում, որի հետևանքով 2013 թ. այն մասամբ փլուզվել է:

3257 | 0
Facebook