Խնդրում ենք սպասել...

Համացանց

Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

21:48, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր:
     Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հանձնառությանը հավատարմության, պայմանագրում ամրագրման և հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի կարևորությունը: Այս համատեքստում ընդգծվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
     ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է թեմայի շուրջ վերջին քննարկումներն ու ՀՀ մոտեցումները, որոնք շարունակում են համահունչ լինել հանրահռչակված՝ ինքնիշխանության ու ազգային օրենսդրության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:
     Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին, այդ թվում՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսության ձևաչափի շրջանակներում:

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
852 | 0
Facebook