Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ստրատեգիական խաղեր. ԱՄՆ նախագահական ընտրություններն ու ստրատեգների պայքարը

23:12, հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.
Ստրատեգիական խաղեր. ԱՄՆ նախագահական ընտրություններն ու ստրատեգների պայքարը

Ստրատեգիական խաղեր. ԱՄՆ նախագահական ընտրություններն ու ստրատեգների պայքարը

ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ, ինչը նշանակում է, որ Սպիտակ տան համար պայքարում իսկական ճակատամարտեր են տեղի ունենում շահագրգիռ կողմերի միջև: Ինչո՞ւ շահագրգիռ կողմեր, այլ ոչ թե պարզապես թեկնածուներ: Խնդիրը կայանում է նրանում, որ ընտրություններում՝ ընդհանրապես, իսկ 2024թ. ընտրություններում՝ մասնավորապես, շահառուների պակաս չկա: Թեկնածուներից զատ, շահառուներ են՝ քաղաքական հիմնական կուսակցությունները, հասարակական մեծ կազմակերպությունները, խոշոր կորպորացիաները, ինչպես նաև արտաքին խաղացողները:
     Միայն մեկ օրինակով կարելի է հասկանալ, թե որքան արտաքին շահագրգիռ կողմ կա այս ընտրություններում, և այդ օրինակը Ուկրաինական պատերազմի ապագան է: Թրամփը պնդում է, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի պատերազմը 24 ժամվա ընթացքում՝ կողմերին բերելով բանակցությունների սեղանի շուրջ, Բայդենը պնդում է, որ Ուկրաինան պետք է շարունակական օգնություն ստանա Վաշինգտոնից և հավաքական Արևմուտքից:
     Եթե ուշադիր հետևենք ամերիկյան ընտրություններին և քաղաքական զարգացումներին, ապա կտեսնենք, որ այս ընտրություններն առավելապես կարող են կոչվել «ստրատեգների/քաղտեխնոլոգների կողմից վարվող պատերազմներ» (այսուհետ՝ ստրատեգներ): Ստրատեգները մասնագետների խմբեր են, որոնք ամենատարբեր գործիքներով պայքարում են ընտրություններում իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Ընդ որում, դրանք ոչ միայն թեկնածուների նախընտրական շտաբների ստրատեգների պայքար են, այլև կուսակցությունների, առանձին քաղաքական և հասարակական շահառուների և ուղեղային կենտրոնների ստրատեգների բախումներ: Եթե փորձենք մեծ խճանկարը բաղդատել, ապա կստանանք բավական հետաքրքիր դետալներ, ինչը մեզ թույլ կտա հասկանալ, թե ինչ ռազմավարական պլանավորում ունեն ստրատեգներն ու քաղաքական տեխնոլոգները:

Թրամփը որպես մարտահրավեր և Թրամփի մարտահրավերները
     Թրամփը շարունակում է մնալ որպես հանրապետականների հիմնական թեկնածու, չնայած լրջագույն խնդիրներ ունի իրավապահների հետ: Հետևաբար, ի՞նչ են հաշվարկում և պլանավորում Թրամփի ստրատեգները: Ինչպես արդեն նշվեց, այս ընտրություններում շատ են ստրատեգները: Կուսակցություններն ունեն իրենց ստրատեգներ, կուսակցությունների առանձին թեկնածուները՝ իրենցը, հակառակորդ թիմերը նույնիսկ ունեն ցանկալի և ոչ ցանկալի հակառակորդներ: Ի՞նչ է սա նշանակում: Օրինակ՝ դեմոկրատների համար ցանկացած հանրապետական թեկնածու ավելի ցանկալի հակառակորդ է, քան Թրամփը, դրա համար էլ նրանք պատրաստ են աջակցել նաև այլ հանրապետական թեկնածուի, միայն թե «արանքից հանեն» նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:
     Թրամփի ստրատեգների հաշվարկը կայանում է նրանում, որ նախ Թրամփին զերծ պահեն քաղաքական և իրավական հետապնդումներից, նրա համար ձևավորեն համապատասխան հանրային աջակցություն, ինչն իր հերթին կբերի ֆինանսական ներհոսք՝ նախընտրական շտաբի համար դրամահավաքների տեսքով, ինչպես նաև ցույց տան, որ Թրամփը քաղաքական հետապնդումների է ենթարկվում Բայդենի վարչակազմի կողմից: Միաժամանակ, Թրամփի ստրատեգները փորձում են անել այնպես, որ Թրամփն ավելի նախընտրելի լինի Բայդենի ֆոնին՝ հաշվի առնելով երկու թեկնածուների, մանավանդ Բայդենի պատկառելի տարիքը: Սրանք նախընտրական ստրատեգների հիմնական, բայց ոչ ամբողջական անելիքներն են:

Նիքի Հեյլիի «ստրատեգիական սպասումը»
     Ուշադրության է արժանի հանրապետական թեկնածու և Թրամփի նախկին թիմակից (ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան) Նիքի Հեյլիի ռազմավարությունը, որը կարելի է անվանել «ստրատեգիական սպասում» (strategic waiting): Չնայած համեմատաբար ցածր վարկանիշին, այդուհանդերձ, Հեյլին չի հայտարարում նախընտրական մրցապայքարից դուրս գալու մասին, իսկ նրա հանրապետական դոնորները շարունակում են Հեյլիի շտաբին լուրջ ֆինանսական միջոցներ տրամադրել: Հենց նույն հանրապետական կուսակցության իստեբլիշմենտում Հեյլին լուրջ աջակիցները ունի, ովքեր հենց նրա վրա են խաղադրույք անում: Շատերի համար սա անհասկանալի է, քանի որ բոլորը տեսնում են, որ Հեյլին շանս չունի հավասար պայքարում հաղթելու Թրամփին: Միգուցե հաշվարկը հենց անհավասա՞ր պայքարն է: Իրականում Հեյլիի, ինչպես նաև հանրապետական կուսակցության ստրատեգների հաշվարկը մի փոքր այլ է: Այստեղ հաշվարկը կրկին Թրամփի դեմ հարուցված հարյուրավոր քրեական գործերն են (հոդվածները):
     Եթե Թրամփը բանտարկվում է, ապա կուսակցությունն այլ թեկնածու չունի, քան Նիքի Հեյլին: Իրականում նրա թեկնածությանը դեմ չեն նաև դեմոկրատները:
     Դեմոկրատների ցանկալի/անցանկալի թեկնածուների լավագույն նկարագրությունը հետևյալն է: Պլան Ա. նախ Հեյլին քիչ հավանական է, որ կկարողանա հաղթել Բայդենին՝ եթե մրցապայքարում մնա գործող նախագահի հետ դեմ առ դեմ, և պլան Բ. եթե նույնիսկ հաղթի էլ, ապա դեմոկրատները իշխանությունը կհանձնեն՝ գոնե ոչ Թրամփին, այլ ասենք՝ Հեյլիին: Այսինքն՝ Թրամփը դեմոկրատների համար վատագույն, միևնույն ժամանակ ամենաուժեղ հակառակորդն է:

Դեմոկրատների՝ Բայդենի օգնությամբ Հարիսին «նախագահացնելու» պլան Բ-ն
     Դեմոկրատական կուսակցությունն ու ընդհանրապես լիբերալ աշխարհայացքի կրողների համար ստերեոտիպեր կոտրելը կարևոր բնորոշիչ է: Սա պահպանողականության կարևոր հակակշիռներից է, մանավանդ այսօրվա ԱՄՆ-ում: Դեմոկրատական կուսակցության համար երկու կարևոր գաղափարական առաջնահերթություն կար: Ունենալ սևամորթ նախագահ, հետո էլ կին նախագահ, հաշվի առնելով, որ մինչ Օբաման, ԱՄՆ բոլոր նախագահները սպիտակամորթ տղամարդիկ են եղել: Եթե Օբամայի հարցում կուսակցությունը հաջողության հասավ 2008թ. ընտրություններում, ապա Հիլարի Քլինթոնի պարագայում դեմոկրատների պլանը ամբողջությամբ տապալվեց:
     Իհարկե, շատ ավելի հավանական կլիներ նույն Նենսի Փելոսիի թեկնածության առաջադրումը, ով ավելի շատ շանսեր ուներ 2016թ. Թրամփին հաղթելու համար, քանի Հիլարի Քլինթոնը, սակայն դեմոկրատների իստեբլիշմենտը, որի կարկառուն ներկայացուցիչ էր նաև Փելոսին, որոշեց որ իրենց թեկնածուն Քլինթոնն է: Իհարկե, սա այլ քննարկման թեմա է, սակայն կարելի է պնդել, որ 2016թ. ընտրություններին ոչ թե հաղթեց Թրամփը, այլ իրականում պարտվեց Հիլարի Քլինթոնը:
     Թողնելով պատմությունը մի կողմ՝ կարելի է ասել, որ դեմոկրատների ստրատեգներն այդուհանդերձ չեն հրաժարվել կին նախագահ ունենալու իրենց պատմական պլանից, որն իրականում կարող է կոտրել ԱՄՆ քաղաքական ամենակոշտ կարծրատիպերից մեկը: Այսինքն՝ իսկական ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը կին լինի, ավելին՝ աֆրոամերիկացի կին լինի: Այս տեսանկյունից փոխնախագահ Քամալա Հարիսն իդեալական թեկնածու է, սակայն ոչ իդեալական ստարտային դիրքով և դիրքավորմամբ: Նախ, նրա աջակցության ցուցանիշը այնքան էլ բարձր չէ, շատ փորձագետներ էլ պնդում են, որ նա ԱՄՆ պատմության ամենից ոչ արդյունավետ փոխնախագահն է: Այսինքն՝ նրա ընտրությունը՝ որպես ինքնուրույն թեկնածու կարող է բավական բարդ լինել: Միևնույն ժամանակ, դեմոկրատների շրջանում համոզմունք կա, որ միակ մարդը, որ կարող է հաղթել Թրամփին, այդուհանդերձ հենց Ջո Բայդենն է:
     Իրականում Բայդենին այս նախընտրական մրցավազքը չափազանց բարդ է տրվելու: Նա յուրաքանչյուր օր պարտավոր է լինելու ինքնաթիռով ԱՄՆ մի նահանգից մյուսը մեկնել՝ հանդիպումներ ունենալու և ընտրողների հետ շփվելու համար: Սա չափազանց ծանր է ցանկացած թեկնածուի, մանավանդ Բայդենի համար, ով երիտասարդ չէ: Հետևաբար, չի բացառվում, որ դեմոկրատների ստրատեգները հաշվարկել են, որ այդուհանդերձ Բայդենը մասնակցի ընտրություններին, հաղթի և որոշ ժամանակ անց՝ պայմանավորված տարիքով և առողջական վիճակով հրաժարական տա զբաղեցրած պաշտոնից՝ իշխանությունը փաստացի փոխանցելով փոխնախագահ Քամալա Հարիսին, ինչպես և նախատեսված է ԱՄՆ Սահմանադրությամբ:
     Այս վերադասավորումը շատերի համար կարող է անարդար թվալ և շատերը կարող են պնդել, որ իրականում Հարիսը չի ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, սակայն չպետք է մոռանալ, որ ԱՄՆ պատմության մեջ եղել է նաև նախագահ՝ ի դեմս Ջերալդ Ֆորդի, ով չի ընտրվել ո՛չ փոխնախագահի և ո՛չ էլ նախագահի պաշտոնում, սակայն հաշվի առնելով ներքաղաքական ճգնաժամն ու քաղաքական դասավորվածությունը, ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 4 տարի: Այս տեսանկյունից Հարիսի պարագայում իրավիճակն ավելի արդար կարող է թվալ և առավել տրամաբանական:
     Իհարկե, նաև չի բացառվում, որ հաջորդ 4 տարիների ընթացքում Բայդենը առողջական և տարիքային առանձնահատկություններով պայմանավորված որևէ խնդիր չունենա և ղեկավարի ԱՄՆ-ն այնպես, ինչպես այսօր է ղեկավարում, և Հարիսին նախապատրաստեն 2028թ. ընտրություններին:
     Ցանկացած պարագայում այս ընտրություններն իրենց դասավորումներով և ստրատեգիական պլանավորմամբ բացառիկ են լինելու ամերիկյան քաղաքականության մեջ և չափազանց հետաքրքրական՝ կողքից հետևելու տեսանկյունից:
     Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

1274 | 0
Facebook