Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ

01:00, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու որոշման վերաբերյալ․ «Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվել է «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից: Դա տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնից» բերման ենթարկված տխրահռչակ երկու հոգու համատեղ գործողություններով: Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստան»-ի դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում:
     «Մայր Հայաստանը» դատապարտում է ավագանու անդամներին մանդատներից զրկելու քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական որոշումը և այն վիճարկելու է դատական կարգով:
     Այս իշխանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժառանգել են նորանկախ Հայաստանում արձանագրված բոլոր վատ բարքերը և սպառել են իրենց:

Մենք դատապարտում ենք իշխող խմբակի այդ որոշումը, որն ակնհայտորեն կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ:

«Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ՝ ամեն ինչ անելով, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն և պաշտպանվեն քաղաքացու շահերը: Մենք թույլ չենք տալու նաև Ալիևի թելադրած օրակարգով սահմանադրության փոփոխություն, որը մեր պետականության հիմքերի ոչնչացման համար է իրականացվում, և որը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության:

Մենք շարունակելու ենք տեղական ու համապետական մասշտաբով Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանն ուղղված քայլերը: Սա մեր ժողովրդի ու պետականության գոյության պայքար է»,- ասված է հայտարարության մեջ:

1311 | 1
Facebook