Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ անհայտ անձինք հեռացրել են Հանրային ռադիոյից

20:06, երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ.
Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ անհայտ անձինք հեռացրել են Հանրային ռադիոյից

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։ Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։ Այս միջադեպի վերաբերյալ լրատվականը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա հաստատել է՝ դրոշը մի քանի ժամով հեռացվել է։

-Պարոն Խումարյան, ճի՞շտ է, որ Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացվել է։

-Հիմա դրոշը տեղում է, կարող եք գալ տեսնել։

-Խնդրում եմ ասել՝ Փաշինյանի այցից առաջ հանվե՞լ է, թե՞՝ոչ։

-Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ։

-Իսկ Փաշինյանը ժամը քանիսի՞ն էր եկել։

-Առավոտյան։

-Ստացվում է՝ Փաշինյանի այցից առա՞ջ է հանվել։

-Ես արձանագրում եմ փաստը, որ ամսի 31-ին մի քանի ժամ Արցախի դրոշը, ցավոք սրտի, այդտեղ չի եղել։ Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։

-Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։

-Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։

-Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները հանած լինեն։

-Դժվարանում եմ ասել, հստակ տվյալներ չունեմ։ Եկեք փաստերով խոսենք, այո, ես հաստատում եմ, որ ձեր մատնանշած օրը դրոշը մի քանի ժամով այնտեղ չի եղել։ Նշենք, որ այսօր Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոյի կայքում հոդված է հրապարակել և քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջին հարցազրույցում արտահայտած մտքերի համար։ «Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»,- գրել է Խումարյանը և նույն տաղավարից հրապարակել կարմիր հագուստով լուսանկար։ Հիշեցնենք, Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու մասին խոսելիս այլաբանության էր դիմել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

3379 | 1
Facebook