Tesla-ի և SpaceX-ի թոփ-մենեջերները մտահոգված են, որ այս ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասքը թմրանյութեր է օգտագործում։ Այդ մասին շաբաթ օրը՝ հունվարի 6-ին, հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ձեռնարկատիրոջ ու նրա ընկերություններին ծանոթ անանուն զրուցակիցներին:
Արգելված նյութերի օգտագործումը կարող է վտանգի տակ դնել SpaceX-ի` միլիարդավոր դոլարների պայմանագրերը կառավարության հետ, շեշտում է WSJ-ն։ Այս ընկերության ծառայություններից բազմիցս օգտվել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA):
Մասքը չի պատասխանել WSJ-ի հարցումներին։ Նրա փաստաբան Ալեքս Սփիրոն ասել է, որ գործարարը «կանոնավոր և պատահականորեն թմրանյութերի թեստեր է անցնում SpaceX-ում և երբեք չի ձախողել թեստը»:
Ներդրողների` մեկ տրիլիոն դոլար արժողությամբ ակտիվները վտանգի տակ են
Մասքն իր ընկերությունների «արժեքի անբաժանելի մասն է», ուստի նրա վարքագիծը պոտենցիալ վտանգի տակ է դնում ներդրողների` մոտ 1 տրիլիոն դոլար ակտիվները, տասնյակ հազարավոր աշխատատեղեր և Միացյալ Նահանգների տիեզերական ծրագրերի մեծ մասը:
Մոլորակի ամենահարուստ մարդն օգտագործում է LSD, կոկաին, էքստազի և հալյուցինոգեն սնկեր մասնավոր երեկույթների ժամանակ, որտեղ ներկաները ստորագրում են գաղտնիության համաձայնագրեր կամ հանձնում են իրենց հեռախոսները նախքան ներս մտնելը, բացատրում են թերթի աղբյուրները: 2018 թվականի սեպտեմբերին Իլոն Մասքը մարիխուանա է ծխել ուղիղ եթերում, ինչը մեծ հասարակական դժգոհություն է առաջացրել։ Բացի այդ, ձեռնարկատերը հայտարարել է, որ ինքը կետամինը օգտագործում է բժշկական նպատակներով։