ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում:
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ:
Չարորակ նորագոյացությունների կանխարգելման հիմնական ուղիներից են առողջ ապրելակերպը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից խուսափումը, բժշկության մեջ իոնիզացնող ճառագայթման անվտանգ օգտագործման կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի և ներտնային օդի աղտոտվածության կանխարգելումը, մարդու պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի դեմ պատվաստումը և այլն:
Չարորակ նորագոյացություններից մահացության դեմ պայքարում կարևորագույն դեր ունի հիվանդության վաղաժամ հայտնաբերումը, որն ենթադրում է երկու միջոցառումների համալիր իրականացում` քաղցկեղների վաղաժամ ախտորոշում և զանգվածային սքրինինգային ծրագրերի իրագործում:
Քաղցկեղի ախտորոշումը հիվանդության վաղ փուլերում և ժամանակին սկսած բուժումը էապես բարձրացնում են հիվանդության շատ տեսակների բուժման արդյունավետությունը, պացիենտների ապրելունակությունը, բարելավում են նրանց կյանքի որակը, ինչպես նաև նվազեցնում բուժման հետ կապված ծախսերը:
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ քաղցկեղը ամենևին դատավճիռ չէ, և վաղ հայտնաբերումն էապես բարելավում է հիվանդության դրական ելքի հավանականությունը: Մասնակցեք սքրինինգային հետազոտություններին, գանգատներ ունենալու դեպքում այցելեք Ձեզ սպասարկող առողջության առաջնային օղակի բուժհաստատություն, վստահեք բուժաշխատողներին, ովքեր 24 ժամ, շաբաթը 7 օր կանգնած են մեր բոլորի առողջության թիկունքում»։