Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի նախագահը մեկնում է Իսրայել՝ ի նշան համերաշխության

21:24, շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ.
Գերմանիայի նախագահը մեկնում է Իսրայել՝ ի նշան համերաշխության

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին նախատեսված` Իսրայել իր այցի նպատակն է համերաշխություն հայտնել ահաբեկչական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանվող պետությանը։ «Մեկնել Իսրայել հիմա՞, այո, հենց հիմա»,- շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, տեսաուղերձում ասել է Գերմանիայի ղեկավարը։

Գերմանիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ նոյեմբերի 26-ին և 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իսրայել, Օման և Կատար։ Իսրայել այցի ծրագիրը ներառում է հանդիպում երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ, ինչպես նաև մասնակցություն Իսրայելի հարավում և Արևելյան Երուսաղեմում քաղաքական իրադարձություններին և բանակցություններին։

Շտայնմայերը Իսրայել ուղևորությունն անվանում է «դժվարին», բայց «անհրաժեշտ»: «Ես գնում եմ Իսրայել, որն իրեն պաշտպանում է, նա պայքարում է իր գոյության համար, Իսրայել, որն ավելի ու ավելի է ենթարկվում միջազգային քննադատության հենց այդ ինքնապաշտպանության համար»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը։ Նրա խոսքով, 75 տարի առաջ իր հիմնադրումից ի վեր Իսրայել պետությունը երբեք «նման խորը վերք չի ստացել», ինչպես հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի վրա իրականացված լայնածավալ հարձակման օրը։

«Հոլոքոստից հետո այդքան շատ հրեաներ չեն սպանվել մեկ օրում: Երբեք Իսրայելի գոյությունը՝ որպես հրեաների ապահով տուն, այսքան վտանգված չի եղել»,- ասել է գերմանական պետության ղեկավարը:

«Ոչ ոք չի կարող մերժել Իսրայելի` ահաբեկչության դեմ վճռականորեն պայքարելու իրավունքը»,- ընդգծել է Շտայնմայերը։ Միաժամանակ նա նշել է, որ այս պայքարի ընթացքում անզեն խաղաղ բնակիչները նույնպես հսկայական տառապանքներ են կրում։ Բեռլինն ակնկալում է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն խաղաղ բնակիչներին պաշտպանելու և նրանց անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ասել է գերմանական պետության ղեկավարը։

Շտայնմայերը Համասի մասին
     Գերմանիայի նախագահն ասել է, որ Իսրայելի իշխանությունների հետ իր բանակցությունների թեման, ի թիվս այլ բաների, լինելու է Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնությունը։ «Յուրաքանչյուր մարդկային կյանք ունի հավասար կշիռ»,- այս կապակցությամբ ասաց Շտայնմայերը:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ Համաս իսլամիստական ​​շարժումը չի կարող համարվել «ազատագրական կազմակերպություն, որը պայքարում է հանուն պաղեստինցիների շահերի»։ «Դա ավելի շուտ ահաբեկչական կազմակերպություն է, որը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը և միևնույն ժամանակ ցինիկաբար տանջում է պաղեստինյան ժողովրդին»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը։

Խոսելով պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի ապագայի մասին՝ Շտայնմայերը կողմ է արտահայտվել երկու պետությունների կոնցեպտին։ «Նման լուծումը պետք է հիմնված լինի երկու սկզբունքների վրա՝ ավելի շատ անվտանգություն Իսրայելի համար և ավելի շատ հեռանկարներ պաղեստինցիների ապագայի համար»,- պարզաբանել է նա։ «Պաղեստինցիները պետք է կիրառեն իրենց քաղաքական ինքնորոշման իրավունքը և ապրեն արժանապատիվ, ազատ ու խաղաղ իրենց հարևանների հետ»,- հավելել է Շտայնմայերը։

3020 | 0
Facebook