Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել». Տիգրան Աբրահամյան

10:00, ուրբաթ, 24 մարտի, 2023 թ.
«Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի, կուտակումների կամ ակտիվացման մասին, ապա դրանց նպատակները օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է այն վերլուծել հնարավոր բոլոր գործոնները հաշվի առնելով:
     Շատ դեպքերում ադրբեջանցիները շփման գծի երկայնքով արհեստական շարժեր են իրականացնում զուտ բանակցային գործընթացում ճնշում ապահովելու նպատակով:
     Որոշ դեպքերում դրանք նպատակ ունեն պարզապես գործողությունների իմիտացիա ստեղծել` հայկական կողմին ապակողմնորոշելու և առաջնագծում իրադրությունը ոչ ճշգրիտ գնահատելու համար:
     Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամին որոշակի պարբերականությամբ շարժեր է իրականացնում, հայկական կողմի համար ինչ-որ փուլում դա սկսվում է դիտվել որպես սովորական, առօրյա շարժ, ապա տեղի է ունենում անսպասելի հարված:
     Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո և եթե ուսումնասիրում ենք հատկապես վերջին 10 տարիների ադրբեջանական վարքագիծը, ապա այս մոտեցումը բազմիցս կիրառվել է:
     Ռազմաքաղաքական գործողությունների հնարավոր վերսկսման վրա անշուշտ ազդում է երկրում առկա իրավիճակը, ինստիտուտների կենսունակությունը, կայունությունը, ռեգիոնալ ֆոնն ու հիմնական խաղացողների դիմակայության տրամաբանությունը, սակայն որպես կանոն վերջնարդյունքում իր դրսևորումն այն արտահայտում է մարտի դաշտում:
     Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել, որպեսզի ժամանակին կանխվի վերջինիս հնարավոր հարվածն ու առաջխաղացումը, ինչպես նաև` շփման գծում պատշաճ պաշտպանություն կազմակերպել»:

3186 | 0
Facebook