Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում տնային կալանք կիրառելու համար ժամանակակից սարքավորումներ են ձեռք բերվել

23:12, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
ՀՀ-ում տնային կալանք կիրառելու համար ժամանակակից սարքավորումներ են ձեռք բերվել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար արդարադատության նախարարությունը էլեկտրոնային հսկողության սարքավորումներ և դրանց համապատասխան ծրագրային ապահովում է ձեռք բերել: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում:
     Էլեկտրոնային հսկողության սարքավորումներն ամրացվում են մեղադրյալի ձեռքին կամ ոտքին, որի արդյունքում Պրոբացիայի ծառայությունը, որն ապահովելու է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը, կարողանալու է հսկել անձի տեղաշարժը և անգամ աննշան շարժի դեպքում անմիջապես արձանագրել թույլ տրված խախտումն ու միջոցներ ձեռնարկել խախտման հանգամանքները պարզելու համար։
     Էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորվել է նաև հատուկ սենյակ:
     Հիշյալ սարքավորումների շահագործման նպատակով Պրոբացիայի ծառայության 30 աշխատակիցներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք կրելու են շարունակական բնույթ:Հիշեցնենք` 2021 թվականի հունիսի 30-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը և դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նաև նախատեսվում են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական հսկողությունը:

3684 | 1
Facebook