Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բայդենը կարող է դառնալ վերջին 60 տարում ամենահաջողված պրեզիդենտը». Նաիրի Բադալյան

22:24, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
«Բայդենը կարող է դառնալ վերջին 60 տարում ամենահաջողված պրեզիդենտը». Նաիրի Բադալյան

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկյան Քոնգրեսի ընտրությունների մասին՝ խիստ համառոտ.
     1. Քոնգրեսի (միջանկյալ) ընտրությունը միշտ համարվում է հանրաքվե պրեզիդենտության առաջին շրջանի երկու տարին ամփոփող պրեզիդենտի գործունեության նկատմամբ:
     Այդ առումով դեմոկրատների՝ սպասվածից շատ ավելի հաջող ցուցանիշների առումով Բայդենը դարձավ վերջին 20 տարվա ամենաբարձր արդյունքներն ստացած պրեզիդենտը:
     Վերջին անգամ իր պրեզիդենտության առաջին երկու տարվա արդյունքներով քաղաքական հաղթանակ տարել էր Ջորջ Բուշ կրտսերը՝ 2002թ, երբ ի տարբերություն այսօրվա մասնատվածության, երկիրը միավորված էր ընդդեմ իսլամիստական տեռորիզմի:
     Մինչդեռ Բարաք Օբամայի պրեզիդենտության առաջին երկու տարվա արդյունքով 2010 թ. ընտրություններում դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում կորցրեց ամբողջ 63 մանդատ, իսկ 2018 թ. ընտրություններում՝ Թրամփի գլխավորած հանրապետականը՝ 42 մանդատ:
     Դեմոկրատները այս տարի կարողացան պահել Սենատի մեծամասնությունը, ու եթե նրանց հաջողվի պահել նաև Հաուսի մեծամասնությունը, ինչի հավանականությունը շատ փոքր է, բայց այնուամենայնիվ, կա, ապա Բայդենը կարող է դառնալ առաջին երկու տարվան հաջորդած ընտրությունների արդյունքներով ոչ միայն 20, այլև վերջին 60 տարում ամենահաջողված պրեզիդենտը:
     2. Չնայած ամերիկյան ընտրողը ավանդաբար ընտրում է՝ ելնելով տնտեսության վիճակից, իսկ սոցիոլոգիական բոլոր հարցումները վկայում էին, որ ժողովրդի 70-75 %-ը համարում է, որ երկիրը տնտեսական քաղաքականության առումով ոչ ճիշտ ուղու վրա է, այդուհանդերձ, Բայդենին ու դեմոկրատներին հաջողվեց գրեթե անհնարինը՝ այս տարվա ընտրության հիմնական հարցում հասարակության ուշադրությունը բևեռել երկրում դեմոկրատիայի ապագայի համար Թրամփի և նրա հետևորդների ներկայացրած գործուն վտանգի վրա և դեմոկրատիայի ապագան, ինչպես նաև աբորտների թույլատրելիության հարցերը դարձնել այս ընտրութունների հիմնական հարցերը:
     Ըստ այդմ, ամերկյան հասարակությունը, մերժելով ամերիկյան դեմոկրատիայի ու ընտրական համակարգի մասին զրպարտություններ տարածող բոլոր ընդգծված թրամփականներին ու միևնույն ժամանակ քվեարկելով թրամփին չհարող դասական հանրապետական թեկնածուների օգտին, հստակ մեսիջ ուղարկեց հանրապետական կուսակցությանը, որ անթույլատրելի է համարում այդ կուսակցության ներսում 20-30% կազմող, բայց շատ աղմկոտ ու երկրում դեմոկրատիայի համար ռեալ վտանգ ներկայացնող թրամփիստական թևի գոյությունը:
     Բայց դա չի նշանակում, թե թրամփիստական թևը վերջնականապես ջախջախվում է ու ամբողջովին դուրս կմղվի հանրապետական կուսակցությունից: Դրա հնարարավորությունը կա, բայց Թրամփին պետք չէ վերջացած համարել: Թրամփիստներ-հանրապետական կուսակցություն հարաբերությունների այսօրվա վիճակը մի շատ բարդ հարաբերությունների կոնֆիգուրացիա է, որին այսօր ավելի ուշ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ»:

Աղբյուրը` Նաիրի Բադալյան
3600 | 1
Facebook