Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի կողմից արձանագրվեց, որ Ադրբեջանը նպատակ ունի իրավիճակը լարման տանելու». Տաթևիկ Հայրապետյան

23:48, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ.
«Փաշինյանի կողմից արձանագրվեց, որ Ադրբեջանը նպատակ ունի իրավիճակը լարման տանելու». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի ասուլիում կային մի քանի կետեր Արցախի, ՀՀ-ի ու անվտանգային հարցերի մասին, որոնց վերաբերյալ ինքս բազմիցս բարձրաձայնել ու գրել եմ: Ասուլիսի սկիզբը լսելիս ուրախ էի արձանագրել, որ դրանք դարձել են բովանդակային քննարկման մաս: Դրանք էին՝

— Ապաշրջափակման մասին խոսելիս բոլորը խոսում են միայն Ադրբեջանի ցանկությունների մասին, ոչ ոք չի քննարկում, եթե տարածաշրջանը բացվում է բոլորի համար, ապա հայկական կողմն ինչպե՞ս է օգտվելու Ադրբեջանի տրամադրած ճանապարհներից: Այդ հարցը երբեք չի քննարկվում (դրա մասին խոսել եմ «168 ժամ»-ին տված իմ հարցազրույցում):

— Հարց բարձրացրեց՝ ո՞վ է խաղաղության պայմանագրի երաշխավորը: ՀՀ վարչապետը, պաշտոնյաներ շարունակ խոսում են արագ թուղթ կնքելու ցանկության մասին: Այսօր Նիկոլ Փաշինյանը վերջապես խոսեց այն մասին, որ փաստացի չկա խաղաղության երաշխավոր, եթե կա, թող ազդեն իրադրության վրա: Դրա մասին անգամ առանձին հոդված եմ գրել օրեր առաջ Еvnreport-ում՝ «Ո՞վ է կանխելու հաջորդ պատերազմը Հարավային Կովկասում» վերնագրով:

— Կարևոր էր, որ խոսեց Արցախում տեղակայված խաղաղապահների դերի մասին այն առումով, որ եթե չլինեն երաշխավորողներ ու խաղաղապահներ, ապա արցախահայության գլխին կախված է էթնիկ բնաջնջման վտանգը: Դա Ադրբեջանը չի թաքցնում: Նշեմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն սկսել է արձագանքել այս դրույթին, հավանաբար կլինեն նաև պաշտոնական արձագանքներ:

— Այն բացառիկ դեպքերից էր, որ խոսվեց Հադրութի հայաթափման մասին՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության օրինակ: Թեև չհասկացա, թե ինչու չխոսվեց Շուշիի մասին: Հավանաբար առանձնակի «վերաբերմունք» ունի Շուշիի վերաբերյալ:

Թվում էր, թե ամեն ինչ լավ է գնում, բայց 1 ժամ 19 րոպե անց կրկին որոշեց խոսել այն մասին, որ միջազգային հանրությունը Լիսաբոնում որոշել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Թեև այդ ժամանակ Հայաստանը վետո է դրել: Բայց միևնույն է Փաշինյանը չի կարող իրեն զսպել և չհնչեցնել Ադրբեջանի համար հաճելի տեքստեր: Այնուհետև սկսեց կրկնել Մադրիդյան սկզբունքների մասին իր սուտ դրույթը, թե Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս: Բայց դե լրագրողը չհարցրեց, թե ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը մերժեց Մադրիդյան սկզբունքները: Այնուհետև Փաշինյանը հիշեց «նախկիններին», իր սիրելի Սերժ Սարգսյանին, անդրադարձավ 2020թ. ՀՀԿ-ի և ընդդիմության կողմից իրեն ուղղված մեղադրանքներին ու սկսեց պաշտպանվել՝ ստելով ու մանիպուլացնելով, իհարկե, ի հաշիվ ՀՀ-ի ու Արցախի պետական շահի:

Ասուլիսի սկիզբը լսելիս ուզում էի ուրախությամբ արձանագրել, որ իմ կամ թեմային տիրապետող որոշ փորձագետների դիտարկումները տեղ են հասել: Բայց ցավոք, դա շատ կարճ տևեց: Շատ կուզեի, որ ասուլիսը ժամից ավել չտևեր, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը խոսքը կլիներ որպես պետության ղեկավարի, ոչ թե կուսակցական գործչի խոսք: Երանի չարտաբերեր տեքստեր, որոնք դառնում են գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին: Նաև հրաշալի կլիներ, եթե զսպեր իր էմոցիաները և ամեն անգամ չհիշեր «նախկիններին»՝ ինքն իրեն արդարացնելու համար: Ոչ ոքի համար նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանն ընդհուպ մինչև ժամը մեկ կարող է դիրքորոշում փոխել: Սեպտեմբերի 14-ի իրադարձությունները դրա վառ վկայությունն են, երբ սկզբում հայտարարեց, որ պատրաստ է թուղթ ստորագրել, հետո ապացուցում էր, որ թուղթ չկա: Փաշինյանն այսօր էլ իր ասուլիսի կեսից սկսեց հակասել ինքն իրեն կամ մոռացավ, որ ինքը ՀՀ վարչապետ է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ նա երբեք չի դառնա պետական գործիչ, միշտ կռիվ կտա «նախկինների» հետ կամ դեմ, դրա համար կհնչեցնի բազմաթիվ ստեր՝ իր «ճշմարտություններն» ապացուցելու համար: Սա եղել ու մնում է մեր պետության ամենամեծ խնդիրը՝ բոլոր առումներով:

Ամփոփելով կուզեմ ասել հետևյալը, թերևս ամենակարևորը՝ այս ասուլիսի ժամանակ Փաշինյանի կողմից արձանագրվեց, որ Ադրբեջանը նպատակ ունի իրավիճակը լարման տանել, ինչի մասին մոտ տասն օր է ահազանգում եմ փաստերով, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններով և գործողություններով: Ուստի դրան պետք է հաջորդի ինտենսիվ աշխատանք միջազգային գործընկերների հետ, բոլոր միջնորդների հետ՝ Մոսկվայից Վաշինգթոն՝ դա կանխելու համար: Պետք է անել ամեն հնարավորն Ադրբեջանին զսպելու համար, կիրառել միջազգային բոլոր գործիքները»:

2812 | 1
Facebook