ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի ուսանողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։ «Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրել: Նախագիծը պատրաստ ենք քննարկել ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործընկեր մյուս բուհերի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` շեշտելով, որ նախագիծը երաշխավորում է ուսանողների կրթության իրավունքի լիարժեք ապահովումը և հետապնդում է կրթության որակի բարելավման հստակ նպատակ: «Մենք պետք է հասկանանք և որպես ելակետ ընդունենք այն սկզբունքը, որ բուհական ցանկացած մասնագիտություն պետք է ունենա գիտական և հետազոտական բաղադրիչ, հակառակ պարագայում պետք է մտածենք և դիտարկենք, թե տվյալ մասնագիտությամբ բուհական կրթության իրականացումը որքանով է նպատակային: Բուհական և ակադեմիական միջավայրում նմանաբնույթ խնդիրների քննարկումն օրինաչափ է, և այս մասին քննարկումների ծավալումը հանրային շահարկման վերածելն անթույլատրելի է»,- նշել է Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ` բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել: ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները: |