Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հենրիխ Մխիթարյան. Միստրն ինձ ազատություն է տվել

11:13, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2012 թ.
Հենրիխ Մխիթարյան. Միստրն ինձ ազատություն է տվել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում երեկ ''Նորդսյելանդ''-ի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ''Շախտյոր''-ի պաշտոնական կայքին: Հիշեցնենք, որ երեկ` շնորհիվ Մխիթարյանի խփած երկու գոլերի, Դոնեցկի թիմն առավելության հասավ 2:0 հաշվով:

- Հենրիխ շնորհավորում ենք հաղթանակի և հերթական դուբլի կապակցությամբ: Կարո՞ղ ես նկարագրել այն դրվագը, երբ խփեցիր երկրորդ գոլը:

- Ես ցանկանում էի գնդակը փոխանցել Դևիչին: Եթե նա հասներ գնդակին, կգրավեր անպաշտպան դարպասը: Բայց այնպես ստացվեց, որ ես անհաջող փոխանցում կատարեցի և մրցակցի խաղացողը գնդակը վերադարձրեց ինձ, որից հետո դարձա գոլի հեղինակ:

- Նորից այնպիսի տպավորություն էր, որ խաղում էիր հարձակման գծում:

- Ոչ, իմ գործառույթների մեջ է մտնում խաղալ հարձակման խորքից: Բայց Միստրն (գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուն) ինձ ազատություն է տալիս և ես անում եմ ամեն ինչ` թիմին օգտակար լինելու համար` ինչպես հարձակման գծում, այդպես էլ պաշտպանությունում:

- Ի՞նչ զգացողություն ունեիր, երբ թիմը չօգտագործեց մոտ 10 գոլային պահ:

- Սա ֆուտբոլ է և հնարավոր չէ օգտագործել բոլոր գոլային պահերը: Երկրորդ կեսում ունեցանք բազմաթիվ պահեր, որոնք չօգտագործեցինք: Կարևոր էր, որ առաջին կեսի վերջին րոպեին հաջողության հասանք: Մրցակիցը սկսեց ավելի շատ գրոհել և արջևի գծում ազատ տարածություններ ստացանք հակագրոհների համար:

- Ինչո՞վ զարմացրեց դանիական թիմը:

- Մրցակիցը շատ արագ պաշտպանությունից անցնում էր հարձակման: Բավական կազմակերպված թիմ է: Ոչ մեկին հեշտ չի լինի խաղալ ''Նորդսյելանդ''-ի դեմ: Նրանք գիտեն` ինչպես խաղալ ֆուտբոլ:

- Դու գոլի հեղինակ ես դառնում յուրաքանչյուր խաղում: Ինչպե՞ս կբացատրես այս հաջողությունը:

- Շատ եմ խփում, քանզի խաղում ենք հարձակվողական ֆուտբոլ և խաղընկերներս օգնում են ինձ հաջողության հասնել: Ես էլ փորձում եմ ընձեռված պահերին սառնասիրտ գործել: Ողջ հանդիպման ընթացքում կարող ես ունենալ գոլ խփելու ընդամենը մեկ հնարավորություն, որը չօգտագործելու դեպքում վնաս կպատճառես ողջ թիմին: Հետևաբար փորձում եմ օգտագործել բոլոր գոլային հնարավորությունները:

- Ի՞նչ զգացողություն ունես Չեմպիոնների լիգայում դուբլի հեղինակ դառնալուց հետո:

- Շատ դրական զգացողություն է, երբ երկու գոլ ես խփում հենց մեկնարկային խաղում: Բայց ամենակարևորն այն է, որ հաղթեցինք: Կաշխատենք հաջողության հասնել նաև առաջիկա հանդիպումներում:

6959 | 1
Facebook