Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված». ՄԻՊ

23:30, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
«Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված». ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:
     Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։
     Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ:
     Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:
     Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են շարունակում մնալ չլուծված:
     Պատշաճ երաշխավորված չեն, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները. լուրջ խնդիր է բժշկական ծառայությունների հասանելիությունը հատկապես մարզերում, կայացած չէ ներառական կրության համակարգը, հաճախ են լուրջ բարդությունների առաջ կանգնում ծնողները՝ սկսած երեխայի համար անհրաժեշտ կրթություն ապահովելուց, հասարակությունից երեխայի մեկուսացում թույլ չտալուց մինչև աշխատել-չաշխատելու անլուծելի երկընտրանքը:
     Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում տարիների քաշքշուկների մեջ, չկա պատասխանատու մարմինների միջև գործառույթների հստակ տարանջատում և այլն:
     Այս ամենին զուգահեռ, գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
     Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:
     Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա:
     Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ:
     Ինքս շարունակելու եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում հետևողական քայլերով նպաստել այս ոլորտի խնդիրների լուծմանը:
     Պետք է սովորենք գնահատել ու աջակցել իրար և բացառել խարանն ու խտրականությունը»:

1678 | 0
Facebook