Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Անցյալը ռեվիզիայի ենթարկելով պետք է ստեղծենք անցյալից տարբերվող ապագա». Ստեփան Դանիելյան

01:12, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Անցյալը ռեվիզիայի ենթարկելով պետք է ստեղծենք անցյալից տարբերվող ապագա». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առասպելներն ու ազգայնականությունը

Ցանկացած ազգային ինքնություն հենվում է առասպելների՝ միֆերի վրա։ Ազգային միֆերն ստեղծում են հերոսներ, հերոսական ճակատամարտեր, հանուն ազգի նահատակների կերպարներ, հավատքի մարտիրոսներ, որոնցից հաջորդ սերունդները պետք է օրինակ վերցնեն։ Մի խոսքով, կերտվում է ազգային ինքնություն։
     Առանց նման միֆերի չի կարող լինել ազգային ինքնություն, հետևապես նաև՝ ազգ, ազգ երևույթի քաղաքական իմաստով, և կասկածի տակ դնել այդ միֆերը հարված է ազգային ինքնությանը։
     Այս ամենը հասկանալի է, սակայն կա մեդալի մյուս կողմը։ Ազգային միֆերը կոդավորում են մեր մտածողությունը, պահելակերպն, արտաքին ազդակների հանդեպ մեր ռեֆլեքսները։ Քանի որ ազգն, այդ հասկացության քաղաքական իմաստով, գտնվում է զարգացման ու փախակերպումների՝ մետամորֆոզների շարունակական փուլում, անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերագնահատել այդ միֆերն, անցյալի սխալները չկրկնելու համար։
     Ազգային մտածողությունն արհեստական քարացած ինտելեկտ չէ, որն ինչպես կոդավորվել է, այդպիսին էլ պետք անփոփոխ մնա։ Այն պետք է զարգանա, վերաիմաստավորվի, նոր հերոսներ ու հակահերոսներ ստեղծի։
     Ինձ համար հասկանալի է իմ նախորդ գրառման հանդեպ առաջացած սուր արձագանքը, քանի որ կենտրոնական միֆն էի կասկածի տակ դրել և հերոսի ու հակահերոսի տեղերը փոխել։ Դա էլ սպասում էի ու քանի-որ ես չեմ ստեղծում ու փոխում այդ միֆերը, նպատակն ընդամենը անցյալն ու ներկան այլ դիտանկյան տակ գնահատելն էր հետապնդում։
     Անցյալի վերաիմաստավորումը պարտադիր է, անցյալը ռեվիզիայի ենթարկելով պետք է ստեղծենք անցյալից տարբերվող ապագա։ Ավելին, միֆերի հիմնական իմաստը հենց այն է, որ դրանք մշտապես քննարկվեն ու վերաիմաստավեն։ Այլապես որն է դրանց գոյության իմաստը։
     Միայն հոգով ու մտքով մահացած ազգերն են ապրում քարացած կարծրատիպերի գերության մեջ»։

| | |
1178 | 0
Facebook