Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կինոյում Համո Բեկնազարյանի կատարած գործը նույնն է, ինչ Կոմիտասինը՝ երաժշտությունում». ապրիլի 16-ը հայկական կինոյի օրն է

03:04, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Կինոյում Համո Բեկնազարյանի կատարած գործը նույնն է, ինչ Կոմիտասինը՝ երաժշտությունում». ապրիլի 16-ը հայկական կինոյի օրն է

Կինոլրագրող, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՊՐԻԼԻ 16-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՕՐՆ Է
     ՖԲ-ը միշտ համարել եմ տպագիր խոսք: Ինչո՞ւ ....Որովհետև, սկսած ուսանողական տարիներից, ուսումնասիրելով մամուլը, այնուհետ խմբագրելով մշակութային «ՖԻԼՄ» , «ԳԵՂԱՐՎԵՍՏ» , «+ԿԻՆՈ » պարբերականները, առավել ևս մասնակիցը լինելով ՖԲ-յան արդի հորձանուտին, եզրահանգել եմ, որ այն ինչ կարող է անել տպագիր խոսքը, գնդակն անգամ ի զորու չէ:
     Ժամանակին, երբ ուսումնասիրում էի, «Հայկինո»-ի հիմնադիրներ Համո Բեկնազարյանի և Դանիել Դզնունու անձնական արխիվները, վավերագրական ժապավենի պես, աչքի էր հառնում ժամանակաշրջանն իր կողմ ու թերի դիմագծով, իր վայրիվերումներով: Տվյալ կարծիքը, որտեղ էլ հրապարակվի, խոսքին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, ու միշտ հիշել, որ դրանք կարող են անդառնալի լինել մարդու համար: Ասածս հավաստելու համար ցանկալի կլիներ այս նյութը կարդալ մինչև վերջ:
     Այսօր, երբ դիտում ենք «ՀԱՅԿԻՆՈ»-Ի ժառանգությունը, հիանում անուրանալի ձեռքբերումներով, կինոյի պես բոլորովին էլ գեղեցիկ ու քաղցր չի եղել նրանց ստեղծողների կյանքը:
     ՀԱՅԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ
     Կինոյում Համո Բեկնազարյանի կատարած գործը նույնն է, ինչ Կոմիտասինը երաժշտությունում: Եթե Կոմիտասը հայ երգն ու երաժշտությունը մաքրեց ու ազատեց օտարամոլությունից ու զտվածը ներկայացրեց աշխարհի բեմերից, ապա Համո Բեկնազարյանը ազգայինը կինոյի միջոցով համաշխարհային էկրան հանեց: Նա դրսի կինոյի շլացնող էֆեկտներն ու զարմացնող թամաշան հայկինո չբերեց, այլ հայկականը, համամարդկային արժեք դարձնելով, դուրս տարավ:
     Հայկական կինոյի հենքը նա ստեղծեց իր ժողովրդի հոգևոր շաղախից:
     Քչերին է հայտնի, որ նա սկզբնական շրջանում նկարահանվել է Լիպկենի, Խանժոնկովի ստուդիաներում` ստեղծելով ավելի քան 70 կինոդեր՝ Համո-Բեկ անվամբ:
     Նա համարվել է ռուսական կինոյի աստղ և նկարահանվել է հանրահռչակ Վերա Խոլոդնայայի հետ: Բեկնազարյանը համագործակցել է հանրահայտ ռեժիսորներ Բաուերի, Լինչևսկու, հետագայում Պերեստիանի, Վախթանգովի, Մաքսիմովի և այլոց հետ:
     Դեռ 20-ականներին Մոսկվայից գալով Թիֆլիս, նա Վրաստանում ձեռնամուխ է լինում կինոարտադրության ստեղծմանն ու ղեկավարմանը: Իսկ 1929 թվականին, արդեն որպես խորհրդային ականավոր կինոռեժիսոր, հարևան հանրապետությունում նկարահանում է «Սևիլ» առաջին ադրբեջանական ֆիլմը` այնտեղ նույնպես հիմք դնելով խաղարկային կինոնկարների արտադրությանը: Եվ պատահական չէ, որ խորհրդային անվանի կինոռեժիսոր Գեորգի Ալեքսանդրովը Բեկնազարյանին համարում էր Անդրկովկասի կինեմատոգրաֆիայի հայր:
     Կինոռեժիսոր Էրազմ Մելիք-Քարամյանը, որը եղել է Բեկնազարյանի կրտսեր ընկերն ու մտերիմ բարեկամը, «Ֆիլմ» թերթի համար գրված հոդվածում նշում է. «Բեկնազարովը ամեն ինչում նորարար էր, և փաստորեն, սկսեց ոչնչից: Արևելքի ժողովուրդների մոտ սեփական կինեմատոգրաֆիայի մասին այն ժամանակ խոսք անգամ չէր կարող լինել: Արևելքի մասին օրիենտալ կինոժապավենները ամերիկացիներն ու գերմանացիներն էին նկարահանում, իսկ բուն արևելքը լռության էր մատնված: Եվ ահա եկավ Արևելքի մարդը: Հազվադեպ կարողությունների տեր մի անձնավորություն: Նա մեզ առաջին անգամ պատմեց ճշմարտությունն Արևելքի մասին: Այն ճշմարտությունը, որը ծանոթ էր Կլոդ Ֆարերին և Պիեռ Լոտիին:
     «Նամուսն» ամբողջովին զերծ էր արևմուտքը պատկերող արտասահմանյան ժապավեններին բնորոշ գծերից»:
     Իսկ Հանրի Բարբյուսը «Խասփուշը» դիտելուց հետո գրել է. «Ինձ մեծ հաճույք պատճառեց կինոնկարի կոմպոզիցիան, դինամիկան, դերասանների ներդաշնակությունը, կյանքի այն ամբողջ ուժն ու գեղեցկությունը, որով հագեցած է այս ֆիլմը: Սա իրոք այն ամենացնցող կինոնկարներից մեկն է, որ ես տեսել եմ էկրանին»:
     Հայկինոյում Բեկնազարյանի նկարահանած հայտնի ֆիլմերն են «Նամուս» (1925թ.), «Զարե» (1926թ.), «Շորն ու Շորշորը» (1926թ.), «Խասփուշ» (1927թ.), «Տունը հրաբխի վրա» (1928թ.), «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.) և այլ ֆիլմեր:
     «Պեպո»-ն հայկինոյի առաջին հնչուն ֆիլմն էր ու նաև ռեժիսորի գլուխգործոցը: Սունդուկյանի դստեր վկայությամբ «Պեպո»-ի ցուցադրումը ցնցել է Մոսկվան: Թողարկվել են նամականիշեր, արտադրվել են «Պեպո» գլանակներ, Պուշկինյան հրապարակում կարդոնից կառուցվել է Պեպոյի մոնումենտը: Համաշխարհային էկրան դուրս գալու «Պեպո»-ի մեկնարկը Մոսկվայում է տրվել: «Պեպո» ֆիլմը բարձր են գնահատել ժամանակի մեծագույն գրողները, կոմպոզիտորները, կինոգործիչները և վերջապես ինքը` բոլոր ժողովուրդների հայրը:
     Անշուշտ, այս ամենը ի կատար չէր ածվի եթե չլիներ կինոարտադրության հիմնադիր ու հմուտ կազմակերպիչ Դանիել Դզնունին: Այդ նրա անմիջական ջանքերի շնորհիվ էր, որ Բեկնազարյանը հրավիրվեց Թիֆլիսից և ձեռնամուխ եղավ «Նամուսի» նկարահանումներին: Այդ նրա նվիրվածության ու էնտուզիազմի արդյունքն էր, որ Հայաստանի Կենտգործկոմը 1923 թվականի ապրիլի 16-ին որոշում կայացրեց ստեղծել «ՀԱՅՊԵՏԿԻՆՈ», ասել է թե սկիզբ դրվեց կինոարտադրության` այն էլ 60 չերվոնեցով /ռուբլով/:
     Ցավոք, Դզնունուն բռնադատում են և միայն 10 տարի աքսորավայրում անցկացնելուց հետո արդարացվում ու վերադառնում է Երևան: Իսկ ձերբակալման համար բավարար հիմք է դառնում, «ԻԶՎԵՍՏԻԱ» թերթում հրապարակված այս հոդվածը, որն առաջին անգամ տպագրել եմ «+ԿԻՆՈ» ամսագրում:
     Լուսակարներում՝ Համո Բեկնազարյան, Դանիել Դզնունի, Դրվագներ «Շորն ու Շորշորը», «Պեպո» , «Դավիթ Բեկ » ֆիլմերից:
     «Իզվեստիա» թերթում տպագրված այս նյութը այսօր էլ արդիականությունը չի կորցրել: Այնպես որ, իրար վրա ցեխ շպրտելուց առաջ պիտի մտածել, որ ոչինչ անհետևանք չի մնում... Կոնկրետ այս պարագայում՝ Հայկինոյի հիմնադիրներից մեկի՝ Դանիել Դզնունու համար, ով փաստորեն կինոարտադրություն է Հայաստանում ստեղծել, «հատուցվել» է 10-տարվա բանտարկության տառապանքով»:

3221 | 0
Facebook