ԱԺ-ն փետրվարի 11-ի նիստում համաձայնություն տվեց քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկել ԼՀԿ խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Կողմ քվեարկեց 116, դեմ ու ձեռնպահ՝ 1-ական պատգամավոր:
Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում և ձերբակալված ու կալանավորված անձանց տեսակցելու հնարավորություն տալ որոշակի խմբի անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներին:
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ թեպետ տեսակցությունը չի կարող կարգավորվել տվյալ նախագծով, սակայն, նկատի ունենալով հարցի հնչեղությունը, հորդորեց այն ընդգրկել օրակարգ:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ ինքը խնդրի հետ առնչվելու առիթներ նախկինում ունեցել է, երբ ցանկացել է հանդիպել ՔԿՀ-ում գտնվողներից մեկին, սակայն անձին հանդիպելու թույլտվություն է ստացել դատարանից:
«Նույնիսկ Մարտի 1-ի իրադարձություններից հետո այսպիսի արգելք չի եղել, արգելքը սկսվել է 2010-11թթ, երբ արդարադատության նախարար է դարձել Հրայր Թովմասյանը, և այս կարգավորումը նախարարության կողմից գործի է դրվել այդ ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի տեսակցություններն ԱԺ պատգամավորների կողմից արգելելու, սահմանափակելու համար»,- հայտարարեց Ա. Բաբաջանյանը՝ նշելով, որ դրան պետք է գնահատական տրվի: