Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարկային խարդախությունը շարունակում է չարիք հանդիսանալ մեր հասարակության համար». Մանե Թանդիլյան

14:30, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
«Վարկային խարդախությունը շարունակում է չարիք հանդիսանալ մեր հասարակության համար». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարկային խարդախությունը շարունակում է չարիք հանդիսանալ մեր հասարակության համար: Ցավոք, սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են օգտվել վարկային միջնորդների ծառայություններից՝ արդյունքում կրելով լուրջ ֆինանսական կորուստներ:
     Վարկային միջնորդների դեմ խիստ և հետևողական պայքարն այլընտրանք չունի: Այդ կապակցությամբ, ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ 29.06.2019թ ուժի մեջ է մտել իմ հեղինակած Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, համաձայն որի լիցենզիա չունեցող սուբյեկտների կողմից վարկերի գովազդը առաջացնում է տուգանք 2 մլն դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 4 մլն դրամի չափով:
     Գնահատելի է Ոստիկանության աշխատանքն այդ ուղղությամբ, մասնավորապես վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից բացահայտված 50-ից ավելի դեպքերը, որոնցով առկա են հարուցված քրեական գործեր:
     Ցավոք, ամբողջ քաղաքը ողողած վարկերի հայտարարությունների մաքրմամբ չի զբաղվում Երևանի քաղաքապետարանը՝ որպես օրենքով արտաքին գովազդի տեղադրման պատասխանատու, դեռ մի բան էլ սահմանված վայրերում թույլատրում է տեղադրել չլիցենզավորված անձանց կողմից վարկերի գովազդներ, որոնք օրենքով արգելված են:

Քաղաքացիներին մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ վարկ վերցնելու համար դիմել բացառապես ԿԲ կողմից լիցենզիա ունեցող բանկերին և վարկային կազմակերպություններին և հիշել, որ բոլոր վճարները, որոնք վճարվում են վարկ ստանալիս, պարտադիր պետք է ներառված լինեն վարկային պայմանագրում՝ համաձայն Սպառողական կրեդիտավորման մասին օրենքի: Պայմանագրից դուրս, որևէ մեկի կողմից գումարի ստացումը համարվում է քրեական հանցագործություն, որի մասով կոչ եմ անում անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին»:

7137 | 0
Facebook