Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհրաժեշտ լուսավորություն՝ արջերի մուտքը կանխելու համար. ՎիվաՍել-ՄՏՍ

15:20, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Անհրաժեշտ լուսավորություն՝ արջերի մուտքը կանխելու համար. ՎիվաՍել-ՄՏՍ

Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղմտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Գլխավոր փողոցն արջերին չի գրավել լուսավորված ու մարդաշատ լինելու պատճառով: Արփիում այժմ առաջնահերթ է դարձել նաև երկրորդական փողոցների լուսավորության խնդրի լուծումը:

Գյուղի գլխավոր փողոցը՝ գրեթե 2 կմ հատված, լուսավորվել է նախորդ տարի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցության շնորհիվ: Գործընկերներն այստեղ տեղադրել են 51 LED լուսարձակ: Մեկնարկել են ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները: Եվս 60 լուսատու անհրաժեշտ կլինի՝ գյուղի չորս փողոց լուսավորելու համար: Արդյունքում կլուսավորվի 2250 մ երկարությամբ տարածք: Կլուծվեն կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրի անվտանգության և համայնքային բյուջեի միջոցների խնայողության խնդիրները:

«Հեռավոր գյուղերում իրականացվող ծրագիրը միշտ դիտարկվել է էներգախնայողության, տնտեսապես արդյունավետ լինելու, քաղաքակիրթ պայմաններ ապահովելու և բնապահպանական տեսանկյունից: Անվտանգության թեման ևս շոշափվել է և ոչ՝ պատահական: Սահմանամերձ գյուղերում կա հակառակորդի վարքագծից, իսկ մյուս բնակավայրերում՝ կենդանիների հարձակումներից պաշտպանվելու խնդիր: Այս ամենն ապահովելու համար, ենթադրվում է, որ գյուղը պետք է լուսավորված լինի գոնե 80 %-ով: Իսկ դա, իր հերթին՝ ավելի մեծ ծրագիր: Շատերին հասնելու նպատակով՝ մենք խնդիրը հաճախ լուծում ենք մի քանի տարվա ընթացքում. նախ՝ գլխավոր, ապա երկրորդական փողոցները լուսավորելով: Կարևոր է զգալ, որ այդ ամենը ծառայում է նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդի տեխնոլոգիաներով երթակառուցվածքի զարգացման հնարավորությունն ու շինարարների աշխատանքը ոգևորել են բնակիչներին: Գյուղում արդն իսկ զգացել են LED համակարգի արդյունավետությունը: Վարչական տարածքի ղեկավարն արձանագրում է. ծախսը քիչ է, լուսավորությունը՝ գոհացնող:

«Ամռանը, լրահոսի զգալի մասը վերաբերում էր մեր գյուղին: Պատճառը՝ «հյուր» եկած արջերն էին, որոնք շատ վնաս հասցրեցին գյուղացուն: Կարծում եմ, որ ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, շատ բան կփոխվի: Այս լուսատուներն էներգախնայող են և հզոր: Դրանց տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս ունենալու լավ լուսավորություն և էապես կրճատելու էներգիայի ծախսը: Սովորական լուսատուների համեմատությամբ՝ արդյունքն ակնառու է»,- ասել է գյուղի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը:

Գործընկեր կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում են խնդրի բացահայտման, պլանավորման և իրականացման աշխատանքներ:

6075 | 0
Facebook