Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դրամահավաքությունն՝ անթույլատրելի
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: «Մենք բավական շատ բողոքներ ենք ստանում համազգեստներին առնչվող: Հատկապես նշում են, որ ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է: Համազգեստի ընտրությունը մեր դպրոցներում ազատ է: Խնդրում եմ սա ընդունեք ի գիտություն և բացառեք այդ երևույթը»,-ընդգծել է փոխքաղաքապետը: «Որոշ դպրոցներում այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է իսպառ բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են: Մենք հետևողականորեն գնում ենք այդպիսի յուրաքանչյուր ահազանգի հետքերով»,-նշել է քաղաքապետի տեղակալը: Փոխքաղաքապետն անդրադարձել է նաև վարձակալությամբ տրվող տարածքների խնդրին: «Դպրոցների այն տարածքները, որոնք ներկայացվում են վարձակալությամբ, շատ դեպքերում հակասում են փաստացի զբաղեցրած տարածքներին: Օրինակ, 30 քմ տարածք է առաջարկվում տնօրինության կողմից վարձակալությամբ տալ, բայց հետագայում պարզվում է, որ վարձակալը փաստացի օգտագործում է շատ ավելի մեծ տարածք: Եթե նման դեպքեր արձանագրվեն, ապա իմացեք, որ հետագայում ոչ ոք տնօրենի փոխարեն պատասխան չի տալու: Դրա համար հստակ ուղարկեք մեզ այն տարածքները, որոնք վարձակալներն օգտագործելու են: Խնդրում ենք լինել ուշադիր, բոլոր գործարքները բերել իրավական դաշտ, որպեսզի առաջին հերթին լինեք պաշտպանված և հետագայում խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը: Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ: Խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ներկայացնելով նոր ուսումնական տարում նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները, նշել է, որ համընդհանուր ներառման միջոցառումներով հատուկ դպրոցներն այսօր վերակազմակերպվում են մանկավարժական աջակցության կենտրոնների: Այս ընթացքում իրականացվել է 260 աշակերտի կրթական կարիքների գնահատում, ընտրվել են նաև այն դպրոցները, որտեղ այդ երեխաները կարող են շարունակել իրենց կրթությունը: Աշակերտների հետաքրքրությունների և ստեղծագործական ներուժի բացահայտման նպատակով հանրակրթության վարչությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր: Դպրոցներում կհիմնվեն աշակերտական ակումբներ՝ գրական, բնապահպանական, նաև՝ մասնագիտական կողմնորոշման: Ուսումնական այս տարում առաջին անգամ կանցկացվի «Սթարթափ սամմիթ Երևանը»: |