Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում». ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում

23:15, երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.
«Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում». ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում

Օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:
     «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ներկայացնում է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծը՝ ժամանակավոր ցուցադրություն ու պատկերագիրք՝ նվիրված Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ռազմիկների կյանքին ու ճակատագրին։ Ներկայացվելու է ռուսական բանակի կազմում կռվող արևելահայ զինվորների փորձառությունը հայրենիքից հեռու՝ ռազմաճակատում, ավստրոհունգարական գերության մեջ նրանց առօրյա կյանքը, փախուստը կամ ազատությունը, վերադարձը հայրենիք և հետագա կյանքը։

«Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվելու վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարևոր մաս են կազմելու 100 տարվա վաղեմություն ունեցող հայ ռազմագերիների երգն ու արտասանությունը:
     Ցուցադրությունը յուրահատուկ հարթակ է՝ տեսնելու ցանկացած պատերազմի ծանրագույն հետևանքներից մեկը: Հետազոտական թիմին հիմնականում հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունները՝ որոշ բացառություններով: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամների՝ գերության մեջ եղած լինելու մասին, սակայն ոմանց համար դա նորություն էր:

Ցուցադրության բացմանը ներկա կլինեն ռազմագերիների ժառանգները, հյուրեր` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ավստրիայից` պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ և այլ հրավիրյալներ»,- տեղեկացնում է ՀՑԹԻ-ն:

5689 | 0
Facebook