Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է արգելել չարտոնված ցույցերի գովազդը

00:05, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2019 թ.
«Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է արգելել չարտոնված ցույցերի գովազդը

«Ռոսկոմնադզորը» նամակ է հղել Google-ին՝ պահանջելով դադարեցնել YouTube վիդեո հոսթինգում չարտոնված ցույցերի գովազդը. այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը:
     «Ռոսկոմնադզոր»-ի տեղեկություններով՝ մի շարք կառույցներ YouTube-ից ձեռք են բերում գովազդային գործիքներ (push ծանուցումներ)` Ռուսաստանի ընտրությունների խափանումներին ուղղված չարտոնված իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու համար:
     «Միևնույն ժամանակ, push ծանուցումները հասանելի են լինում նաև այն օգտատերերի համար, ովքեր չեն բաժանորդագրված այդ YouTube ալիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
     Նախարարությունն ընդգծել է, որ Google-ի կողմից պատասխան չստանալու դեպքում Ռուսաստանը դա կընդունի որպես պետության ինքնիշխան գործերին միջամտություն և խոչընդոտ՝ Ռուսաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Ավելին, ինչպես հաղորդում է «Ռոսկոմնադզոր»-ը, գործակալությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխանի:
     Google-ի մամուլի ծառայությունը TASS գործակալության հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ իրենք ձեռնպահ կմնան այդ նամակը մեկնաբանելուց:
     Դաշնության խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Անդրեյ Կլիմովը հայտնել է, որ «արտաքին ուժերն» օգոստոսի 10-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում չարտոնված հավաքը լուսաբանելիս օգտագործել են տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների հնարավորությունները (ներառյալ հանրահայտ YouTube վիդեո հոստինգի հնարավորությունները՝ որոշակի շրջանակներում) «Ռուսաստանի քաղաքացիներին մանիպուլյացիայի ենթարկելու համար:
     Մոսկվայում օգոստոսի 10-ին անցկացվող հանրահավաքը միտված էր աջակցելու անկախ թեկնածուներին: Նախորդները տեղի էին ունեցել հուլիսի 20-ին, հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին, որոնցից միայն արտոնված էր օգոստոսի 10-ինը:
     Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին Մոսկվայում վերջին տարիների համար աննախադեպ բազմամարդ բողոքի ցույց է անցկացվել, որոնց, անկախ դիտորդների տվյալներով, մասնակցել է մինչև 60 հազար, իսկ ոստիկանության պնդմամբ՝ 20 հազար մարդ։

3511 | 0
Facebook