Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Բաբկեն Պիպոյանն ու Վարդան Բոստանջյանը՝ գնաճի և կենսաթոշակի բարձրացման մասին

18:05, երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.
Բաբկեն Պիպոյանն ու Վարդան Բոստանջյանը՝ գնաճի և կենսաթոշակի բարձրացման մասին

«2020թ. հունվարի 1-ից կենսաթոշակի բարձրացումը 2 տարվա գնաճ կփակի». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով բարձրացումը՝ նա հարցը դիտարկեց 2 տեսանկյունից՝ սպասվող գնաճի հետ համադրելիություն և սոցիալական վիճակի գնահատում:

«Գնաճի տեսանկյունից ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակի բարձրացումը 2 տարվա գնաճ կփակի: Սոցիալական տեսանկյունից եթե նայենք, ապա անվիճելի է, որ խնդիր ունենք: ՀՀ-ում կենսաթոշակի չափը չի բավարարում սպառողական նվազագույն զամբյուղի ապահովմանը»,-նշեց նա:

Բաբկեն Պիպոյանը կանխատեսեց, որ գնաճը մինչև եկող տարեսկիզբ չի լինի այն չափով, որ կարողանա չեզոքացնել բարձրացման դրական ազդեցությունը: Նա հիշեցրեց, որ գնաճի առավելագույն չափը, որն ունեցել ենք, 7 տոկոսն է եղել :

«Գնաճ կանխատեսող մարմինը ԿԲ-ն է, մենք կարող ենք որոշակի ապրանքատեսակներ առանձնացնել և ասել, որ կթանկանան: Սակայն հիմա արտառոց երևույթներ չկան: Եթե հետագայում թանկացումներ կլինեն, մենք համապատասխան գնահատականը կտանք՝ հորդերով համապատասխան կառույցներին քայլեր ձեռնարկել»,-պնդեց սպառողների շահերի պաշտպանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում էր, որ, ըստ էության, դրական լինելով հանդերձ՝ կենսաթոշակի բարձրացումը բնակչության սոցիալական դժվարությունները լավագույն ճանապարհը չէ: Նրա գնահատմամբ՝ առաջնային նշանակության գրեթե բոլոր ապրանքատեսակների, հատկապես՝ սննդամթերքի նկատելի գնաճ կա: Այս պայմաններում կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի, ուսուցիչների աշխատավարձի բարձրացումները մեծ գումարներ չեն և ուղղված են գնաճային դժգոհությունները ճնշումները որոշակի չափով մեղմելուն:

«Ավելին՝ որոշ դեպքերում էլ հնարավոր է, որ չկարողանան մեղմել, որովհետև «Հարկային օրենսգրքում» կատարված փոփոխություններով ընդլայնվեց ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների ցանկը, բարձրացվեց այդ հարկատեսակի դրույքաչափը: Ըստ էության՝ այդ անուղղակի հարկի ծանրությունը կրում է բնակչությունը: Քաղաքացիներին այդպես փող նետելը նշանակում է կանխել հնարավոր դժգոհությունը»,-գնահատեց տնտեսագետը:

Վ. Բոստանջյանը միևնույն ժամանակ կենսաթոշակի զգալի՝ ոչ թե 10 տոկոսանոց, այլ օրինակ՝ 20-25 տոկոսի բարձրացումը անհնար համարեց, որովհետև պետբյուջեի հնարավորությունները փոքր են, իսկ սոցիալական խնդիրներն ու ծրագրերը՝ շատ:

«Տարիներ շարունակ պետբյուջեի միջոցների ծախսերի 40 տոկոսը նպատակաուղղվում է սոցիալական ծրագրերի իրագործմանը: Անգամ չեմ բացառում ռիսկի գործոնը. չհավաքագրվեն այնքան եկամուտներ, որ չկարողնանան վճարումներն ապահովել»,- նշեց տնտեսագետը:

| | |
2496 | 0
Facebook