Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ բացառում, որ վաղն իսկ ՍԴ դռները փակվեն, և Թովմասյանն ու մյուսները չկարողանան մտնել շենք». Ռ. Սահակյան

13:50, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
«Չեմ բացառում, որ վաղն իսկ ՍԴ դռները փակվեն, և Թովմասյանն ու մյուսները չկարողանան մտնել շենք». Ռ. Սահակյան

«Երբ կարդացի դատավոր Դ. Գրիգորյանի որոշումը Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, այնտեղ գտա տողեր, որից ուղղակիորեն նշմարվում էր, որ հաջորդ որոշումը դատարանը կայացնելու է այն մասին, որ՝ դիմում եմ ՍԴ: Դա ակնհայտ էր: Դրան հետևեց վարչապետի ելույթը, իսկ դրա հաջորդ օրը՝ ինքնաբուխ կերպով փակվեցին մեր դատարանները: Այսինքն՝ սահմանադրական կարգը խախտվեց, տապալվեց, ի դեպ, խախտվեց-տապալվեցի միջև այնքան մեծ տարբերություն կա, դրա մասին պատեհ առիթը կգա՝ կխոսենք»,- հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը՝ խոսելով գործի շրջանակում դատարանների կայացրած որոշումների մասին:

Փաստաբանը չբացառեց, որ վաղն իսկ ՍԴ դռները կփակվեն, որպեսզի ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել դատարանի շենք: Ըստ նրա՝ նման քայլերն արվում են այն ժամանակ, երբ վտանգ են տեսնում Ռ. Քոչարյանի գործից՝ ինչպե՞ս կարող է Ռ. Քոչարյանը ազատության մեջ մնալ:

Ռ. Սահակյանը, խոսելով դատավոր Ա. Դանիելյանի մասին, նկատեց, որ նա բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիտության մեջ: «Այլ հարց են մարդկային հատկանիշները: Կարողանո՞ւմ է օրենքն օրենքի տառին համապատասխան կիրառել, թե՞ քիթն անընդհատ պահում է այն ուղղությամբ, թե ինչպես է մտածում իշխանությունը՝ ժամանակին Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և այսօր էլ՝ այսօրվա իշխանությունը: Ամենամեծ ունակությունն իր մոտ է: Երբ ես Փաստաբանների պալատի նախագահ էի, դատավորներն ինձ մոտենում էին ու ասում՝ խնդրում ենք գործը չմակագրել Դանիելյանին: Այն ժամանակ չկար մակագրման էլեկտրոնային համակարգը: Սա վկայում է այն մասին, որ այս անձնավորությունը կատարում է հիմնականում պատվեր: Կարող է պատվեր իջեցված չլիներ, բայց բավական է ինքը զգար, թե ինչպես է մտածում դատախազությունը, անմիջապես արձագանքում էր»,-ամփոփեց փաստաբանը:

5677 | 1
Facebook