Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր կնոջը որտեղի՞ց 26 միլիոն դրամ և 46 հազար դոլար». լրագրողները՝ Արգիշտի Քյարամյանին

15:20, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
«Ձեր կնոջը որտեղի՞ց 26 միլիոն դրամ և 46 հազար դոլար». լրագրողները՝ Արգիշտի Քյարամյանին

Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նախորդ շաբաթ ՊՎԾ ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել՝ անդրադառնալով իր ունեցվածքի ու ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքներին:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստից հետո Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել։

Սա քննադատությունների թեմա էր դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում: «Ինքը լավ տեղյակ չէ, որ հաշվետու է. պետք է շուտափույթ կերպով ուղղի իր սխալը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասել էր ԱԺ նախագահը: «ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին»,- նշել էր ՀՀ վարչապետը:

Այսօր՝ մայիսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողները կրկին մոտեցել են Արգիշտի Քյարամյանին. «Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր պաշտոնյա հաշվետու է հասարակության առաջ ու հաշվետվողականությունը պետք է դրսևորվի հայտարարագրով: Պաշտոնատար անձը պարտավոր է օգտվել այս ինստիտուտից ու հաշվետու լինել հասարակությանը»,- ասաց նա: «Վարչապետի կողմից ինձնից պարզաբանում պահանջելու հանգամանքը հրապարակման ենթակա չէ»,- շարունակեց Քյարամյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև նրա կնոջ ունեցվածքից. «Ձեր կնոջը որտեղի՞ց 26 միլիոն դրամ և 46 հազար դոլար»: «Ես ամուսանցել եմ ավելի վաղ, քան որևէ պետական պաշտոն ստանալը, ու կինս այդ գումարներն ունեցել է ամուսնությունից առաջ»: Ձեր կինը գործարա՞ր է, որ այդքան գումար ունի՝ հարցրին լրագրողները: «Չեմ պատրաստվում իմ անձնական կյանքը քննարկել»,- ասաց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

6063 | 2
Facebook