ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ:
Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն:
Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից»:
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արմեն Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ: