«Կառավարության ծրագրում արտացոլված պատկերն ինձ համար հեղափոխական չէ, բայց հույս ունեմ, որ կառավարության հեղափոխական տնտեսական թիմի մտքում ու ճանապարհային քարտեզում հեղափոխություն կլինի ու կունենանք առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսություն»,- ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա արձանագրեց, որ իշխանությունն ունի վստահության մեծ չափաբաժին, որը մսխվել էր նախորդ իշխանությունների կողմից ու այսօր այն վերականգնվել է հեղափոխության շնորհիվ. «Ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված շատ բարձր են, բայց սա տեղի է ունեցել հեղափոխության շնորհիվ, այո թոշակառուները, նպաստառուները կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն: 30 տարիների ընթացքում անօթևան ապրածները կարող են սպասել ու ակնկալել լուսավոր ու բարեկեցիկ պայմաններ Գյումրիում ու այս սպասումներից լարվել պետք չէ, քանի որ դա ստացել են հեղափոխությունից հետո: Իմ անհանգստությունն այնտեղ է, որ մարդիկ սկսել են կորցնել վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: Սա այն է, ինչը պետք է պաշտպանենք ու դողանք դրա վրա: Իմ պատկերացմամբ տնտեսական զարգացման երկու ճանապարհ կա, մեկը՝ աստիճանաբար, մյուսը՝ շոկային: Այսօրվա կառավարության ծրագիրն առնվազն իմ պատկերացմամբ չի արտահայտում զարգացման տեմպն ու աշխատունակությունը»,- հավելեց Թանդիլյանը: