Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանին չվստահելու հիմքեր չկան». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

12:20, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
«Հայաստանին չվստահելու հիմքեր չկան». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ՌԴ ԱԳՆ՝ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը մեկնաբանել է Եվրոմիության նախաձեռնած «Արևելյան գործընկերություն» ծրագրին Հայաստանի և Բելառուսի մասնակցությունը:

«Ըմբռնումով ենք մոտենում մեր հայ և բելառուսցի գործընկերների հետաքրքրությանն այդ ծրագրին, որը նրանք դիտարկում են իբրև Եվրոմիության հետ համագործակցության ընդլայնման հնարավորություն, այդ թվում՝ իրենց տնտեսությունների կայուն զարգացում: Հայաստանն ու Բելառուսը մեր հուսալի դաշնակիցներն են, և նրանց չվստահելու հիմքեր չկան»,- ասել է նա «Комсомольской Правда»-ի հետ զրույցում:

Ընդ որում, Կելինը նշել է, որ Ռուսաստանում մտահոգություն կա՝ կապված «Արևելյան գործընկերության» հետ, որը, նրա խոսքով, տանում է դեպի «տարանջատում» և «առաջատար-կատարող» սկզբունքով հարաբերությունների ստեղծում:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է «Արևելյան գործընկերության» շտկման վրա, և այդ հարցում նրան օգնում են Հայաստանն ու Բելառուսը:

«Արևելյան գործընկերությունը» («Eastern Partnership») Եվրոմիության ծրագիրն է, որի նպատակը նախկին ԽՍՀՄ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ինտեգրացիոն կապերի զարգացումն է:

4367 | 0
Facebook