Ադրբեջանցի լրագրողը պատմել է Երևան այցի մասին
Ադրբեջանական Turan գործակալության խմբագիր Շահին Հաջիևը պատմել է Հայաստան կատարած եռօրյա այցի մասին: «Երևան կատարած այցս մեծ աղմուկ բարձրացրեց և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Երկու կողմերից անհավանական տարբերակներ էին հնչում և վճիռներ կայացվում: Երկու կողմերի ԶԼՄ-ները մրցակցում էին՝ ձգտելով լուսաբանել, գնահատական տալ և վճիռ կայացնել՝ չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում: Օրինակ, որոշ ԶԼՄ-ներ գրում էին, որ Turan-ը ՀՀ ԱԳՆ-ի համաձայնությամբ սկսել է աշխատանքը Հայաստանում, այլ ԶԼՄ-ներ ևս «ոչ մեծ» սադրանքներ էին անում՝ հայտնելով 1915-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան այցի մասին» ,- գրում է Ադրբեջան վերադարձած լրագրողը: Ադրբեջանական կայքերից մեկը նշում է, որ 2005-ից ադրբեջանցի լրագրողի առաջին այցն էր Երևան: Վերջին անգամ Հայաստան էր այցելել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը, ում «Ղարաբաղյան օրագիր» ռեպորտաժից հետո ձերբակալեցին և դատապարտեցին լրագրողական աշխատանքի համար: Իսկ 4 տարի անց Եվրոպական դատարանն արդարացրեց լրագրողին՝ իշխանություններին մեղադրելով հետապնդման համար: Ֆաթուլաևից հետո, կայքի խոսքով, ադրբեջանցի լրագրողներից որևէ մեկը չհամարձակվեց Հայաստան այցելել, և այդ պատճառով Հաջիևի այցը մեծ աղմուկ բարձրացրեց: Հաջիևի խոսքով՝ այցի գաղափարը վաղուց է ծնվել: «Մի քանի ամիս հարցը քննարկվում էր Ադրբեջանի պետական մարմինների հետ, նույնքան ժամանակ՝ Հայաստանի ԱԳՆ-ի հետ: Ինչի՞ համար էր այդ այցը. կարևոր է հասկանալ այն հանրության տրամադրությունը, որի հետ մենք ռազմական հակամարտության մեջ ենք գտնվում: Հենց դա էր հիմնական նպատակը: Հայաստանի և հայերի համար կան հարցեր, որոնք որոշիչ նշանակություն ունեն. 1915-ի իրադարձությունները, հայկական եկեղեցու քաղաքական դերն ու Ղարաբաղը: Հենց այդ հարցերն էին ուշադրության կենտրոնում: Սկսեմ 1915-ի թեմայից՝ հաշվի առնելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումներն ու Բաքվի ցավագին արձագանքը: ՀՀ ԱԳՆ-ի թույլտվությունից հետո դիմում ներկայացվեց նաև Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին: Պարոն Մարությանը հրավիրեց այցելել թանգարան, սակայն հարցազրույցից հրաժարվեց, իսկ թանգարանի աշխատակիցը հրաժարվեց պատասխանել հարցերին և միայն ցուցադրեց թանգարանի նմուշները: Հստակեցնող հարցերին պատասխանում էր կարճ՝ «չգիտեմ», «չեմ կարող ասել»: 1915-ի թեման առկա էր Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների հետ բոլոր հարցազրույցներում: Ցանկացած ժողովուրդ, որը զենքը ձեռքին պայքարում է անկախության համար, հպարտանում է թափված արյան համար, հայերի դեպքում այլ էր. թուրքերը պարզապես սպանեցին մեկուկես միլիոն անմեղ հայերի՝ կանանց և երեխաների: Սակայն դրան կա մեկ պատասխան՝ թուրքերը վաղուց էին ծրագրում հայերի ոչնչացումը, որպեսզի Թուրքիան մաքրեին քրիստոնյաներից: Եթե նույնիսկ հայերը զենք են բարձրացրել, ապա սպանել պետք չէր: Ահա այսպիսի մտքերով լքեցինք 1915-ի հուշակոթողը»,- պատմել է նա: |