Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ լուծում ստացավ ավտոներկրողների պահանջը. ներկայացնում է վարչապետի օգնականը

16:15, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Ի՞նչ լուծում ստացավ ավտոներկրողների պահանջը. ներկայացնում է վարչապետի օգնականը

Այսօր կառավարության դիմաց բողոքի ցույց են արնցկացրել ավտոներկրողները: Նրանց պահանջը նույն է՝ 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Բացի այդ, նրանց խոսքով՝ 2019-ից մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով: «Ամեն մեքենայից ունենում ենք 200-400 դոլար եկամուտ, և ասենք, 2 մլն դրամ արժեցող մեքենայի համար պահանջում են 20 տոկոս հարկ մուծել, ինչը կազմում է 800 դոլար... Թող ասեն՝ ավտոյի գործ եք անում, բերեք, ամեն մի ավտոյից 5-10 հազար հարկ մուծեք, քանի հատ ուզում եք՝ բերեք: Թե չէ, ես հիմա վախենում եմ սեփական ավտոս ծախեմ, որովհետև վրես ահագին տոկոս ա գալու»,- ասում էր ցուցարարներից մեկը:

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն անդրադառնալով ցուցարարների պահանջին, ասաց. «Մենք հիմա նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են, այսինքն 30-40 հազար դրամ: Այսինքն հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի և առաջիկայում կամ Հարկային օրենսգրքի հետ կգնա կամ կարող է ավելի շուտ մտնել ԱԺ»:

Նաիրի Սարգսյանի խոսքով՝ այս դեպքում քաղաքացին այլևս ստիպված չի լինելու գնալ, իր հարևանների, ազգականների անունով մեքենա բերել, այլ մեքենաները բերելու է իր անունով և հարկերն է վճարելու:

Հիշեցնենք, նախորդ ակցիայի ժամանակ, ավտոներկրողներն առաջարկում էին յուրաքանչյուր ավտոմեքենայի համար 20-30 հազար դրամ հարկել: «Մենք ուզում ենք վճարել, չենք ուզում թաքցնել: Դեմ չենք, թո՛ղ 5000 դոլար արժեցող մեքենային մի թիվ ասեն, 2000-անոցին՝ մեկ այլ թիվ, 1000-ին՝ մեկ ուրիշ, բոլորը չի կարելի նույն գնի տակ հարկել»,- ասում էինք նրանք:

4272 | 0
Facebook