Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջ սպանության գործով զբաղվում են ռուսական ռազմաբազան և քննչական մարմինները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ տվյալ հարցը պետք չէ քաղաքականացնել, քանի որ դա չի նպաստի քննության արդյունավետությանն ու օբյեկտիվությանը:
Հանցագործությունը «սարսափելի» անվանելով՝ Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ մեղավորը կստանա իր արժանի պատիժը:
«Եկեք չխանգարենք քննությանը: Հիշո՞ւմ եք դատախազի հայտարարությունը՝ «ի՞նչ կապ ունի 102-րդ ռազմաբազան»: Սակայն այս օրերին որոշ լրատվամիջոցներ մի միտք էին առաջ քաշում՝ «հետքերը տանում են դեպի 102-րդ ռազմաբազա»: Եվ դա արվում էր այն դեպքում, երբ քննությունը որևէ տարբերակ չուներ»,- ասել է դեսպանը: