ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:
«Իրավիճակը հարաբերական կայուն է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ պահին կայուն է վիճակը: Եվ բոլոր սահմանների վրա, բայց հնարավոր է, որ մենք էլ ինչ-որ միջոցներ ձեռնարկենք, հնարավոր են նաև որոշ ակտիվացումներ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է նաև հյուսիսարևելյան սահմանին պայմանագրային զինծառայողի մահվան մասին: «Թիրախավորված կրակ է եղել»,- ասել է պաշտպանության նախարարը:
«Ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ:
«Ոստիկանական ուժերից վիրավորներ չկան»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը: