Մամուլում ու համացանցում քննարկումների թեմա է դարձել Սերժ Սարգսյանի հրաժարականից կես ժամ առաջ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, ըստ որի Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական շարժմանը: «Իրեն ընդդիմադիր հռչակած կուսակցությունը, զգալով կործանվող նավի վտանգը, որոշեց միանալ շարժմանը... Զգաց, թե որ կողմից է քամին փչում»: «Բա էս ո՞ւր էիր էս քանի օրը, նոր զարթնեցի՞ր.... սրանց դիմակը վերջնականապես թող ժողովուրդը տեսնի»,- գրում են օգտատերերը:
Ի դեպ, նկատենք, որ սրանից մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կեսից ավելին ձայնը տվել էր Սերժ Սարգսյանին:
Մինչ քաղաքացիները քննարկում էին Ծառուկյանի թեման, Փաշինյանին աջակցելու հայտարարություն արեց նաև ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն՝ ասելով, թե պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգը:
Առանց մեկնաբանության ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը նախկին ԱԽՔ, ՕԵԿ առաջնորդի մասին. «Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է և Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի «ամենատպավորիչ» դավաճանության հեղինակ...»: