Գյումրեցի Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի է պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատություն հաստատելու համար: Վերջինը բազմաթիվ անգամներ փորձել է լրատվամիջոցներով իր բողոքի ձայնը հասանելի դարձնել պատկան մարմիներին, սակայն ապարդյուն:
Այսօր նա բողոքի ակցիա է իրականացրել Բաղրամյան 26-ում՝ նախագահականի դիմաց: «Եկել եմ հայտնեմ նախագահին, որպես գործընկեր, որ հրաժարվում եմ այս կուսակցական տոմսից և անամոթություն եմ համարում լինել այս կուսակցության անդամը, որովհետև ՀՀԿ-ական են բոլոր պաշտոնատար անձինք, ովքեր ներկա պահին հանցագործներ են. ինձ համար անպատվաբեր է լինել հանցավոր կուսակցության ներսում»,- հայտարարեց որդեկորույս մայրը:
Նրան, տարբեր գրություններով ցուցապաստառներով, աջակացելու էին եկել իրավապաշտպաններ:
Ռուզաննա Ադանալյանը նշեց, որ նախաքննական մարմինը կոծկել է ամեն ինչ և այսօր միայն մեկ անձ է պատիժը կրելու:
«Ես հասա այն գիտակցությանը, որ երկրի դատախազը և մյուսները, լինելով ՀՀԿ-ականներ՝ կործանել են այս երկիրը: Եղեռն է իրականացվել Հայաստանի ներսում: Վտանգված է հայ քաղաքացու անվտանգությունը»,- ասաց Ադանալյանը՝ կուսակցական տոմսը նետելով նախագահականի դիմաց: