Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է այսօր Վիեննայում ձմեռային նստաշրջանի ժամանակ ամփոփիչ զեկույցի ներկայացման ընթացքում:
Վիգենինը նշել է, որ այսօր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը:
Վիգենինի խոսքով՝ իր հրաժարականը կապված է քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի զեկուցողի պաշտոնում իր ջանքերը կենտրոնացնելու ցանկության հետ:
Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կապված տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ի դերի ամրապնդման հետ: «Մինսկի խմբի համանախագահները մի քանի անգամ մերժել են ԵԱՀԿ ԽՎ-ի հրավերներն, ինչպես նաև ոչ պաշտոնական հանդիպման մասին առաջարկները՝ կապված իրենց գործունեության մասին տեղեկատվության տրամադրման հետ: Այդ հարցով ինձ հաջողվել է հանդիպել նրանց հետ միայն մեկ անգամ: Նրանց գործունեությունը մնում է փակ: Համանախագահները միայն հազվադեպ դեպքերում են մամուլի հաղորդագրություններ տարածում, որոնք քիչ տեղեկատվություն են պարունակում»,- ասել է Վիգենինը: