Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Սեսիաշվիլին հայտնել է, որ վաղ թե ուշ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ում նախօրեին Ուկրաինայից Լեհաստան էին արտաքսել, կկանգնի վրացական դատարանի առջև, հաղորդում է РИА Новости-ն:
«Չեմ ցանկանում, որպեսզի Վրաստանի նախկին նախագահը նման իմիջ ունենա: Նա պարտավոր է կանգնել վրացական արդարադատության առջև: Թե ինչ կերպ դա տեղի կունենա, ժամանակի հարց է: Սակայն, կրկնում եմ, ինձ այս պարագայում առավել շատ հետաքրքրում է երկրի հեղինակությունը, քան մեկ քաղաքական գործչի ճակատագիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին:
Սաակաշվիլիի շուրջ ծավալված իրադարձությունները մեկնաբանել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Նա նշել է, որ «Վրաստանը իրավական պետություն է, և, հետևաբար, բոլորն օրենքի առջև հավասար են՝ լինի դա հասարակ քաղաքացի, թե նախագահ»:
Նշենք, որ Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013թ. նոյեմբերին, երբ նախագահ ընտրվեց Գեորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի դատախազությունը հեռակա կարգով մի քանի քրեական հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել Սաակաշվիլիի նկատմամբ և բազմիցս դիմել ուկրաինական կողմին՝ խնդրելով արտահանձնել երկրի նախկին նախագահին: