Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շրջանցման նշանները դրվում են այնտեղ, որտեղ իշխող ուժի ներկայացուցիչներն ունեն բենզակայաններ կամ խանութներ». Զոհրաբյան

13:10, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
«Շրջանցման նշանները դրվում են այնտեղ, որտեղ իշխող ուժի ներկայացուցիչներն ունեն բենզակայաններ կամ խանութներ». Զոհրաբյան

Խորհրդարանը քննարկում է «Ճանապարհային նշանաների ու ազդանշանների մասին կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմանական զեկուցող Տրանսպորտի փոխնախարար Գագիկ Գրիգորյանն ասաց, որ սահմանվում է նշանների, գծանշումների մասին միասնական համակարգ: «Կոնվենցիային միանալով՝ ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ ընդունել այդ համակարգն ու կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 4 տարի հետո փոխարինել կամ լրացնել ցանկացած նշան, որ կիրառվում է ոչ այն իմաստով, որ կա կոնվենցիայում: Կոնվենցիայի կողմ է հանդիսանում 65 պետություն: Վավերացնելով այն՝ ՀՀ-ն անցում կկատարի խորհրդային ժամանակաշրջանից ընդունված ճանապարհային նշանների ու գծանշանների համակարգից դեպի արդիական ու միջազգայնորեն ընդունված համակարգ»,- նշեց հիմնական զեկուցողը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ստացել եմ նամակներ, ահազանգեր, որ էնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, նշանը դնելուց հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող ուժի ներկայացուցիչներն ունե՞ն բենզակայաններ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով է դրվում այդտեղ, որպեսզի շրջանցեն ու կանգնեն ուղիղ կլանի ներկայացուցիչների օբյեկտների մոտ»: Նա խոստացավ վերոնշյալ նամակները փոխանցել պաշտոնյային:

Գործընկերոջ հարցը շարունակելով՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց. «Մի խորշեք, ասեք՝ չինովնիկը կարո՞ղ է իր կամայականությամբ մեկին փորձի լավություն անել ու ուղղորդել նշանն այդտեղ»:

Փոխնախարարը նշեց, որ սուբյեկտիվ գործոն չկա. «Կանոնակարգում գրված է՝ ինչպե՞ս, ո՞ր տեղերում պետք է լինի, իսկ այս կոնվենցիան էլ ավելի մեծ հնարավորություն է տալիս խստացնելու իրավական դաշտը»:

2928 | 1
Facebook