ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է ներկայացրել «Կրեմլյան զեկույցը»: Զեկույցում 210 անուն կա. ՌԴ 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև 96 օլիգարխներ, հաղորդում է ТАСС-ը:
«Կրեմլյան զեկույց»-ում են հայտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու նախարարների կաբինետի անդամները, այդ թվում՝ ՌԴ Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը: Ցուցակում են հայտնվել նաև ՌԴ նախագահի վարչակազմի մի շարք անդամներ, ներառյալ՝ Վայնո, Գրոմով, Պեսկով, Սուրկով, ինչպես նաև՝ Մատվիենկո, Վոլոդին, Սեչին, Միլեր, Նարիշկին և այլք:
«Օլիգարխների ցուցակում» են՝ ՌԴ նախագահի խորհրդականներ՝ Կլիմենկո և Գլազիև, գործարարներ՝ Ալիշեր Ուսմանով, Ռոման Աբրամովիչ, Սուլեյման Քերիմով, «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկի, Պյոտր Ավեն և Վլադիմիր Պոտանին: Վերոնշյալ ցուցակում են նաև՝ Արկադի և Բորիս Ռոտենբերգներ, Գենադի Տիմչենկո, Օլեգ Տինկով, Ալեկպերով, Միխելսոն, Գուրիև և Գուցերիև:
Ընդ որում, ԱՄՆ ֆիննախի հաղորդմամբ՝ «Կրեմլյան զեկույցի» մասնակիցների վրա ԱՄՆ-ում որևէ սահմանափակում և արգելք չի տարածվում: Այսպես կոչված «օլիգարխների ցուցակը» ևս պատժամիջոցային չէ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ դեռևս չի սահմանի:
Նշենք, որ փաստաթուղթը ներկայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապվեր ունեցող «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում: