Սոչիի կենտրոնական շրջանային դատարանը 2 ամսով ազատազրկման է դատապարտել բլոգեր և «Բլոգ Սոչի» կայքի խմբագիր Ալեքսանդր Վալովին, ով շաբաթներ առաջ հարցազրույց էր վերցրել ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանից (Ռոբսոն):
«ОВД-Инфо»-ի հաղորդմամբ՝ Վալովին ձերբակալել են հունվարի 19-ին՝ նրա բնակարանում խուզարկում անցկացնելուց հետո:
Քննիչները պարզել են, որ նա գումար է շորթել ՌԴ Պետդումայի պատգամավոր («ԼԴՊՌ» կուսակցությունից) Յուրի Նապսոյից: Պատգամավորը նրա դեմ դիմում է ներկայացրել:
Վալովը ձերբակալությունն ուղիղ միացմամբ ցուցադրել է սոցցանցում, սակայն ոստիկանները վերցրել են հեռախոսն ու ջնջել տեսագրությունը:
Վալովը կարծիք է հայտնել, որ իր բնակարանի խուզարկումը կապ ունի կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Նշվում է, որ «Բլոգ Սոչի» կայքը քաղաքում միակ անկախ ծրագիրն էր, որը պատմում էր Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի հետ կապված խնդիրների մասին: