Հանրապետական կուսակցության ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն, ինչպես հայտնի է, որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարել է ընդամենը 2 ամիս (1996 դեկտեմբեր-1997 փետրվար): Մեր «Ի՞նչ է խոսում քաղաքը» բաժնում արդեն ներկայացրել ենք կարճատև պաշտոնավարման պատճառների մասին:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2007-ի աշնանը երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթը՝ վերաբերող Արմեն Սարգսյանի նշանակմանն ու հրաժարականին: «96 թվի աղմկոտ ընտրություններից հետո, Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անկեղծ ասում եմ սա: Եվ երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական, և շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից: Բայց նա ժամանակ չունեցավ որևէ գործ անելու: Երկու ամիս անց լուրջ հիվանդացավ և վերադարձավ Լոնդոն: Մենք արդեն հայտնվեցինք ավելի դժվար վիճակի մեջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ»,- ասել էր Տեր-Պետրոսյանը:
Շրջանառվող լուրերի համաձայն, սակայն, Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ու երկրից վռնդվել Վազգեն Սարգսյանի հետ հակասություններ ունենալու պատճառով: