Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է անցկացրել: Հրթիռի տեսակը հայտնի չէ: Նոր փորձարկման մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի հանձնաժողովին:
Ինչպես նաև տեղեկություններին էին հայտնվել այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է միանգամից 3 հրթիռ արձակել, սակայն ավելի ուշ Ճապոնիայի ՊՆ-ն հերքել է այդ տվյալները :
Ճապոնական NHK գործակալության տեղեկություններով՝ նոր բալիստիկ հրթիռն արձակվել է երեկ գիշերը, տեղական ժամանակով ժամը 03:17-ին: Մոտ 50 րոպե թռիչքից հետո հրթիռի բեկորներն ընկել են Աոմորի պրեֆեկտուրայի հյուսիսային ափից 250 կմ հեռավորության վրա:
«Հրթիռն անցել է մոտ 1000 կմ և ընկել Աոմորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա՝ Ճապոնիայի բացարձակ տնտեսական գոտում: Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը հասել է 4000 կմ-ի: Այն արձակվել է կտրուկ հետագծով: Այդ տվյալներից ելնելով՝ կարծում ենք, որ այն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է եղել»,- հայտարարել է Ճապոնիայի ՊՆ ղեկավար Իցունորի Օնոդերան:
Բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ազգային անվտանգության արտակարգ նիստ է հրավիրել: Բացի այդ, նա պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: