Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ կամավոր, գիտակցված ընտրություն, որ այս
շքեղությունները գտնվում են Մոնումենտի՝ Հայաստանի խորհրդայնացման հեղաշրջման (հեղաշրջում բառը ես չեմ ասում, այդպես է ասել 1920թ. Հայաստանի Հանրապետությունում Խորհրդային Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Լեգրանը Արտաքին գործերի Ժողկոմ Գ.Չիչերինին գրված նամակում) 50-ամյակին և ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի հիշատակին կառուցված հուշարձանների հարևանությամբ: Այս շքեղությունները, որ մի գծի վրա են հուշարձանների հետ, առանձնացվել են վերջերս կառուցված պատով: Պատի մի կողմում Հայաստանի ոչ վաղ անցյալը խորհրդանշող հուշարձաններն են, մյուս կողմում՝ ներկան խորհրդանշողները: «Հարևաններին» մի պատ է բաժանում: Հետաքրքիր է, թե պատի մյուս կողմի «հարևաններից» քանի՞սն են նախկին կոմունիստներ, և/կամ կա՞ն արդյոք նրանց ընտանիքներում ԽՍՀՄ շրջանի քաղաքական բռնությունների զոհեր: Փաստորեն այս փոքր տարածքը անցյալի ու ներկայի խորքային շարունակական կապի մի բաց թանգարան-ցուցադրություն է: Հիրավի, անքննելի են Աստծո գործերը:
Հիշեցնում եմ, որ այսօր հունիսի 14-ն է, իսկ դա Հայաստանի Հանրապետության օրենքով Քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների հիշատակի պաշտոնական օրն է: Պատի մի կողմում այսօր կհավաքվեն ԽՍՀՄ քաղաքական բճնաճնշումների ենթարկվածների կամ նրանց ժառանգների մի մասը՝ հիշելու և հիշեցելու իրենց հարազատների նկատմամբ իրականացված բարբարոսությունը: Այս տարի լրանում է նաև 1937-ի 80-րդ տարելիցը: Կգա՞ն արդյոք պատկից հարևանները, կգա՞ն արդյոք Հայաստանի անկախ Հանրապետության իշխանությունների նեկայացուցիչները զոհերի հետ հիշելու և հիշեցնելու, նաև հաստատելու՝ ոչ մի մարդ չպետք է ենթարկվի քաղաքական բռնաճնշումների: