Որոշ փիլիսոփաներ պնդում են, թե պատահականությունները չգիտակցված օրինաչափություններ են: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ առանձին անհատների անմիտ քայլերը դարձել են ամբողջ ժողովուրդների տառապանքների ու կոտորածների պատճառ: Այսօր կպատմենք, թե ինչպես է բրիտանացի սերժանտը ողորմացել Ադոլֆ Հիտլերի կյանքը:
1918 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Առաջին համաշխարհայինի ժամանակ, բրիտանացի սերժանտ Հենրի Թենդին մասնակցել է ֆրանսիական Մարկուինգ գյուղի մոտ մղվող ճակատամարտին: Նա արդեն թիրախավորած է եղել, որ սպանի գերմանացիների վիրավոր զինվորներից մեկին, սակայն վերջին պահին իջեցրել զենքն ու խնայել թշնամուն: Վերջինը ձեռքով շնորհակալություն է հայտնել ու մտել թաքստոց:
1923 թվականին իտալացի նկարիչ Ֆորտունիո Մաթանիան նկարել է մի նկար, որտեղ պատկերվել է Հենրի Թենդին, իսկ 15 տարի անց նրա ստեղծագործությունը հայտնվել է Ադոլֆ Հիտլերի աշխատասենյակում:
Ֆորտունիո Մաթանիայի նկարը
Երբ 1938-ին Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենը հանդիպել է ֆյուրերին, հարցրել է, թե ինչու հենց այս նկարն է զարդարում նրա աշխատասենյակը: Հիտլերը պատասխանել է. «Այս մարդը ողորմացել է ինձ, երբ ես վիրավոր եմ եղել ու չի գնդակահարել: Երբ վերադառնաք Բրիտանիա, նրան փոխանցեք իմ երախտագիտությունը»:
Այսպես, Հենրի Թենդին չի սպանել մի մարդու, ում պատճառով հետագայում սպանվել է ավելի քան 60 միլիոն մարդ: