Այսօր, «Մեդիա կենտրոնում» հանրակրթական ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ, Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն անդրադարձավ այն մանկապարտեզներին, որոնք Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք օտարվել են կամ լուծարվել: «Հիմա ես բերել եմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի` 2012-ի օգոստոսի որոշումը` լուծարել թիվ 65 մակապարտեզը: Բացի այդ, «Մալաթիա Սեբաստիա» համայնքում` Լենինգրադյան փողոցի վրա, մի մանկապարտեզ էլ կար` «Սեբաստիա» մանկապարտեզը: Հրաշալի մանկապարտեզ էր, 2012 թվականից հետո այդ մանկապարտեզը չի աշխատում: Եթե թիվ 65-ի դեպքում չեն օտարել, տվել են տնտեսվարին ի պահ, ընդ որում տնտեսվարը շարունակում է մնալ աշխատանքի մեջ, ապա «Սեբաստիա» մանկապարտեզը, որն, ի դեպ, սեբաստահայերի միջոցով է կառուցվել խորհրդային տարիներին և պետական ոչ մի միջոց չի ներդրվել այնտեղ, օտարվել է Ալեքսանյան ընտանիքին»,- ասաց Բախշյանը:
Նշենք, որ քննարկմանը ներկա ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանն իր խոսքում նշել էր, որ գործող քաղաքային իշխանության օրոք ոչ մի մանկապարտեզ չի օտարվել: