Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Քննարկումներ

«Ինչպե՞ս վստահենք, երբ Վիգեն Սարգսյանի կողքին մարդիկ են նստած, որոնք առնվազն մեկ միլիոն դոլար են յուրացրել բանակից». արձագանքներ` կառավարության որոշման վերաբերյալ

«Ինչպե՞ս վստահենք, երբ Վիգեն Սարգսյանի կողքին մարդիկ են նստած, որոնք առնվազն մեկ միլիոն դոլար են յուրացրել բանակից». արձագանքներ` կառավարության որոշման վերաբերյալ
Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» որոշման օրինագիծը: Այն է` 2017 թվականի հունվարի 28-ից հետո մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1.000 դրամ է գանձվելու: Գումարները հավավքելու են այդ նպատակով ձևավորված հատուկ հիմնադրամում:
Օրինագծի շուրջ չեն դադարում բուռն քննարկումները: Քաղաքացիների մեծ մասը դեմ է որոշմանը` հիմնավորելով, թե վստահություն չունի, որ գումարները տեղ կհասնեն:
Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ
Ահա թե ինչ է լինում, երբ գաղափարը քոնը չի լինում: Պառլամենտական կառավարարումը սարքում են միակուսակցական, համամասնական ընտրական համակարգը՝ դեգրադացված մեծամասնականի, ազգ-բանակն էլ՝ 1000 դրամ նոր տուրքի:
Խնդիրը 1000 դրամը չէ: 1000-ի փոխարեն ավելի շատ կարող ենք տալ: Բայց ուր են գնում 30%-ից ավել վճարվող հարկերը, երբ ըստ էության առողջապահությունը վճարովի է, բարձրագույն կրթությունը վճարովի է, տուգանքները լիքն ու թալանովի... արտաքին պարտքն էլ դեպի 6 միլիարդ:

Արա Պապյան, քաղաքագետ

Արա Պապյան, քաղաքագետ

Վիգեն Սարգսյանը շտապեց 1000 դրամի հարցով: Նախ մի քանի թալանչի գեներալ պիտի արժանիորեն հայտնվեին բանտում, նրանց գողոնը վերադարձվեր բանակին, ապա նոր կարելի կլիներ դիմել ժողովրդին:
Հիմա ո՞նց վստահեմ այդ նախաձեռնությանը, երբ Վիգեն Սարգսյանի կողքին մարդիկ են նստած, որոնք առնվազն մեկ միլիոն դոլար են յուրացրել բանակից:

Զոհրապ Եգանյան, ՄԻՊ մամուլի խոսնակ

Զոհրապ Եգանյան, ՄԻՊ մամուլի խոսնակ
Իմ դիտարկմամբ՝ դժգոհությունը ոչ թե այն է, որ 1000 դրամ պետք է տալ բանակին, այլ այն, որ պակաս վստահություն կա հիմնադրամների, բարեգործական նպատակով բացվող հաշիվների և նման կազմակերպությունների նկատմամբ: Եթե այս պարագայում էլ ստեղծվող կառույցը սկսի թանկարժեք մեքենաներ, կամ մեծ ներկայացուցչական ծախսեր կատարել, ապա բողոքի հսկայական ալիք կառաջանա, մյուս կողմից էլ՝ բացառիկ շանս կա իսկապես լավ բան անել շատ անկեղծ ու թափանցիկ:

Կարեն Հովհաննիսյան, օգտատեր

Կարեն Հովհաննիսյան, օգտատեր
Էդ, որ որոշել եք զոհվածի ընտանիքին, վիրավորված զինծառայողին վերջապես օգնել, շատ լավ է, բայց որ դա որոշել եք անել Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափ համարվող 1000 դրամից պարտադիր 1000 դրամ գանձելով, մի տեսակ ինձ գցում ա տարակուսանքի մեջ: Նախ, սա բանակի համար չէ, խնդրում եմ չխառնել սոցիալական հատկացումները ռազմական հատկացումներին, հետո, մտածեք մեկ այլ տարբերակ, աղբյուր զոհվածների ընտանիքներին և վիրավորված զինծառայողներին աջակցելու համար, քանի որ այս տարբերակը պարզապես խայտառակություն է: Լավ, դուք չեք մտածում, որ ՀՀ կառավարությանը ՀՀ քաղաքացիները կարող են դատի տալ նման գանձումների համար: Էլի եմ ասում, ես ինքս իմ ընկերների, համախոհների միջոցով իրականացնում եմ ծրագիր բանակին աջակցելու համար: Իմ դեպքում սա պարտադիր չէ, մարդիկ սիրով են անում, իսկ երբ դուք մտցնում եք պարտադիր կետը, ապա, գրեթե վստահ եմ, որ առաջանալու է հզոր հակաազդեցություն ու թե՛ զոհվածների ընտանիքները, թե՛ վիրավորված տղերքն իրենց էլ ավելի վիրավորված են զգալու... Հազար չափեք, նոր մեկը կտրեք:
Հ.Գ. Նշեմ մի քանի աղբյուր, որտեղից կարելի է տանել ու այս սոց. հատկացումների հարցը լուծել՝ 10 տարով դադարեցնել նոր եկեղեցիների կառուցումը, 10 տարով դադարեցնել սարերի, բլուրների, լեռների գլխին դղյակների կառուցումը... էլի ասե՞մ...

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Վանո Սիրադեղյանը դրամահավաք կազմակերպեց բանակի համար՝ գործարարները պարտադիր մուծվեցին: Հայտարարվեց, որ հավաքվել է կոնկրետ գումար՝ հիմա արդեն չեմ հիշում, թե որքան: Այն ժամանակ Պաշտպանության նախարարությունում էի աշխատում, ֆինանսական վարչության պետին մի օր հարցրեցի՝ էդ ամբողջ փողը փոխանցվե՞լ է: Ասաց՝ փոխանցվել է դրա երկու երրորդը: Հարցրեցի՝ բա էն մի երրորդն ինչ է եղե՞լ... Մինչև հիմա հիշում եմ՝ ուսերը թոթվեց ու պատասխանեց չորս տառով՝
- Եսիմ...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Եթե նոր կառավարությունը հաշվում է, թե դեռ ինչքան փող է մնացել իր քաղաքացու գրպանում, որ այն վերցնի, այլ ոչ թե մտածում է այն մասին, թե ինչ անի, որ քաղաքացու գրպանի պարունակությունն ավելանա, ապա այդպիսի կառավարություն ոչ միայն պետք չէ երկրին, այլ նրա կյանքը կարճ է։

Հարություն Մինասյան, բժիշկ

Հարություն Մինասյան, բժիշկ
Խաղաղ կամ չհայտարարված պատերազմի պայմաններում օլիգարխների երկիրն ու հարստությունը պաշտպանող յուրաքանչյուր վիրավորված, հաշմանդամ դարձած, սպանված կամ զոհված զինվորի համար օլիգարխները պարտավոր են նրա ընտանիքին միանվագ հատկացնել նվազագույնը 100. 000 – 500. 000 դոլար փոխհատուցում:
Այս հարցը պետք է բարձրացնեն հայերը` Հայաստանի ԱԺ-ում, իսկ ադրբեջանցիներն` Ադրբեջանի Միլի Մեջլիսում:
Երկու երկրների ղեկավարները, եթե տեսնեն, որ պատերազմը խփում է մեծահարուստների գրպաններին, անմիջապես կդադարեցնեն այն:

Վարդան Օնանյան, հաղորդավար

Վարդան Օնանյան, հաղորդավար


1000-ական դրամի եղածը մի բան չի. տվել ենք, կտանք, հարկ եղած դեպքում բանակի ու հայրենիքի համար այլ բան էլ կտանք, բայց, եթե գնում ենք նման քայլի, ուրեմն դադարեցրեք տեղի-անտեղի շռայլությունները, թողեք տոնածառերն ու տոնակատարությունները և հայտարարեք, որ պետությունը (ազգը, հայրենիքը) պատերազմի մեջ է, ամեն բան գնում է ֆրոնտ և պետության կոպեկը գողացողը, զինվորի բաժինն ուտողը, ծառայությունից խուսափողը, կաշառք վերցնողը գնդակահարվելու է իբրև հայրենիքի դավաճան:



Բորիս Մուրազի, լրագրող

Բորիս Մուրազի, լրագրող
Հետաքրքիր է` իսկ այսքան ժամանակ վճարված հարկերն ինչի համար են: Ոնց ա լինում, որ իրենք բյուջեի հաշվին միլիոններ արժեցող կոնյակ, սիգար ու այլ կայֆեր են անում, իսկ բանակի համար գումար չկա:

Զարուհի Հովհաննիսյան, «Բանակն իրականում» նախաձեռնութան անդամ

Զարուհի Հովհաննիսյան, «Բանակն իրականում» նախաձեռնութան անդամ
Իշխանությունները հասարակության մոտ չունեն այն վստահությունը, որ քաղաքացիներն առանց կասկածների 1000 դրամ փոխանցեն բանակին: Հիմնադրամն էլ հիմնում են, քանի որ պետությունն ինքնին վստահություն չի ներշնչում:
Քառօրյա պատերազմից հետո ընդհանրապես եղավ մեկ եզրակացություն, որ հանրությունը պատրաստ է իր ամենասուղ միջոցներն էլ ներդնել պաշտպանության ոլորտում: Բայց չդիտարկվեց ամբողջ կոռուպցիոն շղթան, ըստ որի ոլորտում եղել են թերացումներ, ապօրինաբար հարստացել են պաշտոնյաներ, պաշտպանության նախարարության աշխատակիցներ: Եթե այդ ամենը դիտարկվեր և ապրիլյան դեպքերից հետո տեղի ունենային շոշափելի փոփոխություններ, միգուցե և հանրությունը տրամադրված լիներ բոլորվին այլ մոտեցմամբ:
Սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքի երեխաներն են գնում բանակ և զոհվում: Միևնույն ժամանակ երկրում աղքատությունը բավական մեծ տոկոսներ է կազմում, անգամ պաշտոնական վիճակագրությունն է այդ մասին փաստում: Հիմա էլ ծանրացնում են այդ բեռը. նրանք պետք է այդ կոռուպցիոն շղթաներից գումարները գանձեին, այլ ոչ թե հասարակ քաղաքացիներից:

Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Տեր Վահրամ քահանա Մելիքյան
ՊՆ ներկայացրած նախագիծը 1000-ական դրամ վճարելու վերաբերյալ բազում քննարկումների տեղիք տվեց։ Անկախ այդ գումարի գանձման կերպերից, բաշխման սկզբունքներից և նախագծի հետ կապված այլ մանրամասներից և միգուցե, ըստ ոմանց, խոցելի կամ թերի կողմերից, նախաձեռնությունը ողջունելի է և կարծես մեզ մի քայլ մոտեցնում է մեզանում ազգային տուրքի գաղափարի ձևավորմանը և արմատավորմանը՝ յուրաքանչյուրին առիթ տալով այս ճանապարհով ևս մասնակից դառնալու հայրենաշինության սրբազան գործին։ Պետք է անպայմանավոր կերպով զորակցել նախագծի իրագործմանը։ Սա նվազագույնն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է անել Հայոց բանակի ու նրա քաջարի զինվորների, Հայրենիքի և հատկապես ինքն իրեն համար։ Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը... Արդյո՞ք մեր ընտանիքների խաղաղ քունը և Հայրենիքի անդորրը չարժեն այդ զորակցության 1000 դրամը։ Ի վերջո, էական չէ, թե անհրաժեշտ այդ գումարը կգոյանա կամ կբավարարի հատուցման համար փոխան շարունակ մատուցվող անգին անձնազոհությունների։ Այստեղ, ըստ իս, կարևոր է գիտակցության, համընդհանուր սոցիալական պատասխանատվության մշակույթի ձևավորումը։ Շնորհակալ եմ, որ կարող եմ գեթ այսպես զորավիգ լինել Հայոց բանակին, նաև աշխատանքովս փաստել երախտագիտությունս, բերել խոնարհումս։

Ալեն Սիմոնյան, «ՔՊ» վարչության անդամ

Ալեն Սիմոնյան, «ՔՊ» վարչության անդամ
1000 դրամի շրջանակներում կրկին շատ վտանգավոր խոսակցություններ են բացվելու մեր բանակի, բանակի հաշվին հարստացած գեներալների և չինովնիկների մասին։
Այդ նախաձեռնության պատասխանը մեկն է։
Գումար է հարկավոր ապագայի համա՞ր՝ քիչ թալանեք։ Շտապ գումար է հարկավո՞ր՝ ձեր կողքիներին ու ձեզ թափ տվեք։
Ու չհամարձակվեք հայրենասիրության դիմակի տակ պախկվել, դոշ ծեծել։

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ
Ճշգրիտ աշխատող տեխնոլոգիա. բանակի անվան տակ՝ օգտագործելով հանրության զգացմունքային վերաբերմունքը, թալանել մարդկանց:
Սա հենց այն պրիմիտիվ գողությունն է:
Ես երբեք չեմ մասնակցում բանակի հետ կապված որևէ դրամահավաքի (ես զզվում եմ բոլոր տեսակի դրամահավքներից) ու չեմ էլ մասնակցի, քանզի ես օրենքով սահմանված կարգով հարկ եմ վճարել՝ կատարելով իմ քաղաքացիական պարտքը:

Արման Ղազարյան, օգտատեր

Արման Ղազարյան, օգտատեր
Պարոնայք, իմ անձնական բյուջեն ձեր հոր դուքյանը չի, որ երբ ուզեք ու ինչքան ուզեք, վրայից վերցնեք: Էսօր զինվորի անուն եք տալիս, վաղը ձեր գաստրոնոմիական պահանջմունքների համար կմտնեք իմ գրպանը: Թե որ ազատ ժամանակ ունենաք, մտածեք՝ կարո՞ղ ա ձեր ոլորտում ծախսերի օպտիմալացման, հղփացած գեներալների կուլակաթափման, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման անհրաժեշտություն կա...

Հրանտ Խաչատրյան, օգտատեր

Հրանտ Խաչատրյան, օգտատեր

Արծրուն Հովհաննիսյանը գրում ա. «Սա համազգային միասնականության համար էլ հիանալի նախագիծ է»:
Համաձայն եմ: Էս նախագիծը ցույց ա տալիս, որ ազգի մի հատվածը՝ կառավարությունը (Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Արծրուն Հովհաննիսյանը եւ այլոք) միասնական են ազգի մյուս հատվածների հետ էն հարցում, որ գործող կառավարությունը ի վիճակի չի նախկին զինվորների կարիքները բավարարել բյուջեն օպտիմալացնելու (հարկերը ավելի լավ հավաքելու կամ անարդյունավետ ծախսերը կրճատելու) միջոցով ու ստիպված ա փողի նոր աղբյուրներ գտնել:
Իրանք նաեւ միասնական են բոլորիս հետ էն հարցում, որ բանակի ֆինանսավորման գործող մեխանիզմները վստահելի չեն, ու չարժի վիրավոր կամ զոհված զինվորների ընտանիքներին օգնելու գործը կազմակերպել եղած մեխանիզմներով, օրինակ, եղած հարկերը բարձրացնելով: Պետք ա ստեղծել փողեր հավաքելու նոր մեխանիզմ, նոր մարմին, մեջբերում եմ, «հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից», որը կվերահսկի գործընթացը: Ստացվում ա, որ բոլորս միասնական ենք նաեւ էն հարցում, որ պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը հսկող մարմինները չեն վայելում հասարակության հարգանքն ու վստահությունը:
ԿԲ-ն հայտարարում ա «Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց և որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում»: Իսկ ինչի՞ սա չանել պետբյուջեով նախատեսված մյուս ծախսերի համար, էդ թվում ՊՆ բյուջեի մի շարք ուրիշ ծախսերի:
Իմ կարծիքով էս նախաձեռնությունը ուղղակի ամրագրում ա երկրում տիրող բառդակը, ու հերթական անգամ ցույց ա տալիս, որ քաղաքական իշխանությունը իրան պատասխանատու չի համարում գործող բառդակի համար: Ինչը նշանակում ա, որ եթե էս նոր ծրագիրը եւս ձախողվի, էլի ոչ ոք պատասխանատվություն չի կրելու:

18248 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Ես
Ես 16:47, 15.11.2016
բոլորդ ալ ճիշտ եք