«Ումի՞ց եք պահանջում նրա հրաժարականը, այն մարդուց, ով ասել ա` ինչ ու ոնց ասի՞». կարծիքներ` Հերմինե Նաղդալյանի հայտարարության մասին
ԱԺ փախնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը քննադատությունների ալիք է բարձրացել հասարակության շրջանում: Հիշեցնենք` լրագրողների հետ զրույցում օրեր առաջ նա ասել էր, որ «մեր փոխզիջումը ոչ թե հինգ տարածքներն են, այլ՝ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխան պետության համար պայքարող։ Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա իրավունք չունենք, մենք էդ հողերը չենք ուզում․․․Սա մեր «բուֆերնի զոնան» է, մեր անվտանգության երաշխիքն է...»: |
Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Այս վտանգավոր շրջանում, երբ հակառակորդը տարբեր տեսակի գնահատականներ և հայտարարություններ է փորձում կորզել, որպեսզի արդարացնի իր ռազմական ագրեսիան, ուղղակի անթույլատրելի է նման հայտարարություն անել. շարքային պատգամավոր չէ, ԱԺ նախագահ է: |
Դավիթ Իշխանյան, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար
Այն տեսակետները, որոնք Հերմինե Նաղդալյանը փորձեց մատուցել ոչ միայն հայ հանրությանը, այլև Ղարաբաղի հիմնահարցով շահագրգիռ և ոչ շահագրգիռ կողմերին, իսկը ադրբեջանական շահերը սպասարկող հայտարարություն էր: Մտահոգություն կա, որ ՀՀ քաղաքական շրջանակներում ուրվագծվում է զիջողական կամ պարտվողական դիրքորոշում, որը փորձում են մատուցել հայ հասարակությանը: |
Արզիկ Մխիթարյան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Եթե նա կարող էր այդքան անլուրջ գտնվել և նման հայտարարություն անել, ապա դա արտակարգ մտահոգիչ է: Ես ինձ թույլ եմ տալիս արտահայտվելու, որ Նաղդալյանը չէր կարող այդքան մանկամիտ լինել և նման միտք արտահայտել: Կա՛մ դա մշակված քաղաքականություն է, որը մինչև հիմա մեզ հայտնի չէ, ինչը շատ վտանգավոր է, կա՛մ էլ՝ մանկամտություն: Նա պետք է խիզախություն ունենա հայցելու մեր ժողովրդի ներողամտությունը: Նման հայտարարությունը, իրոք, ապակողմնորոշում է մեր հասարակությանը և անկայուն իրավիճակ է ստեղծում: |
Արմեն Աշոտյան, ՀՀԿ նախագահ
Ուզում եմ մեկ հարց տալ՝ արդյոք այս թեմայի քննարկումը բարձրացնո՞ւմ է մեր զինվորի ոգին: Իսկ հողերի հետ կապված հարցի իրական տերը ԼՂՀ ժողովուրդն է, որի մասին շատ հստակ խոսել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մաստակ սարքել այս թեմայով, նշանակում չհասկանալ՝ ինչ է կատարվում այս դաշտում: Փոխզիջումներ բառն ընդհանրապես պետք է հանել գործունեության բառապաշարից: |
Հայկ Խանումյան, ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր
Պետք է նկատել, որ ԱԺ փոխնախագահի կողմից արված հայտարարություններն ամբողջովին պարտվողական և զիջողական են, ինչը ոչ միայն վիրավորում է Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին, այլև զգալի թուլացնում է Հերմինե Նաղդալյանի՝ կուսակցի դիրքը բանակցություններում: Երբ որ այդ նույն կուսակցության ներկայացուցիչը՝ ՀՀ նախագահը, գնում է բանակցությունների և իր կուսակցության բավականին բարձրաստիճան դեմքը՝ Աժ փոխնախագահը, հայտարարում է, որ պատրաստ են տարածքներ զիջել, պատկերացնո՞ւմ եք այդ բանակցություններ վարողի դիրքը բանակցային սեղանի շուրջ կամ էլ՝ Ադրբեջանի դիրքը, որն արդեն իսկ գիտի, որ Սերժ Սարգսյանի կուսակցության պատասխանատու դեմքերից մեկը պատրաստ է զիջումներ անել Արցախի Սահմանադրությամբ ամրագրված շրջաների շուրջ: Ինչպե՞ս կպահի իրեն Ադրբեջանը. բնականաբար, ավելի լկտի: |
Վարդգես Բաղրյան, ԼՂՀ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար
Ես, միանշանակ, այն կարծիքին եմ, որ ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել ԼՂՀ Սահմանադրությունը, իսկ այն տարածքները, որոնց մասին խոսվել է ճեպազրույցի ժամանակ, մեր հանրապետության սահմանադրորեն անբաժանելի մասն են: Խոսել տարածքներ զիջելու մասին, ոչ միայն ժամանակավրեպ է, այլև, իմ խորին համոզմամբ, ուղղակի անթույլատրելի: Ես չեմ բացառում նաև, որ ինչ որ բան այնպես չի ասվել կամ կոնտեքստից խոսք է դուրս մնացել, սակայն այն, ինչը տեսել եմ տեսագրության ձևով, անընդունելի է: Եթե տիկին Նաղդալյանը կարծում է, որ իր խոսքերը կոնտեքստից դուրս են հրապարակվել, այդ իսկ պատճառով չեն ընկալվել, ապա նա հնարավորություն ունի հրապարակավ ճշտում մտցնելու այդ հարցում: |
Լևոն Շիրինյան, քաղաքագետ
Հերմինե Նաղդալյանն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, իր մակարդակը ևս: Հերմինե Նաղդալյանը բացի իրենից ուրիշ ոչ ոքի չի ներկայացնում: Նա իրավունք էլ չունի նման հայտարարություններ անելու: |
Վաձ Ղազարյան, օգտատեր
Ես չեմ հասկանում էս Հերմինե Նաղդալյանի ֆլեշմոբը. ռեալ կարծում եք, որ նա ունի սեփական կարծիք ու բարձրաձայնել ա իր, իսկ կարծիքը՞: Ու ումի՞ց եք պահանջում նրա հրաժարականը, այն մարդուց, ով ասել ա` ինչ ու ոնց ասի՞, ասենք իրանց ուզածն էլ ա դա, մի հատ նավակ են զոհ տալիս, ձեռքի հետ ժողովուրդը լիցքաթափվում ա: Շատ ուժեղ հոգեբաններ են` այդ հաղթանակի զգացումը ժողովրդին կերակրելով ստեղծում են բավարարվածության ֆոն ու կրակը նստացնում են, եկեք չխաղանք իրանց կանոններով, այդ դաշտում նիչյան էլ մերը չի... |