«Երգարվեստն ավիրելու ու անճաշակություն տարածելու համա՞ր...». հանրության արձագանքն՝ Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին
երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2015 թ.
Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ: Մամուլում ու համացանցում լայն արձագանք է գտել հատկապես Արմեն Գոնդրաչյանին՝ Արմենչիկին շնորհված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: Ոմանց կարծիքով՝ սա ազգային խայտառակություն է, ոմանք էլ ասում են, որ ժողովուրդն է ապահովել նրա երգերի պահանջարկն ու զարմանալի ոչինչ չկա: |
Լուսանկար(ներ)
Այս թեման մեկնաբանել են`
Նիկոլայ Ծատուրյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Յախք, թու, կարող էի չէ՞, հայ չծնվել: Սա արդեն խայտառակություն է: Երբ որ չափանիշն իջնում է մինչև «պլինտուս», դա արդեն սարսափելի է: Դա խոսում է մեր անճաշակության, գռեհկության, աշխարհից կտրվածության մասին: Եթե աշխարհը 21-րդ դարում է, մենք 19-րդ դարում ենք դեռ: |
Կարեն Վարդանյան, քաղաքական մեկնաբան
Եթե ազգս օրեցօր դեգրադացվելով ռաբիս չլսեր, ապա Արմենչիկն ու նրա նմաններն այսօր ընդհանրապես ճանաչված չէին լինի, հետևաբար վաստակավոր արտիստի կոչում էլ չէին ստանա: Ժողովուրդն է ապահովել նրա պահանջարկը, ժողովուրդն էր, որ վազում էր նրա համերգին ու դահլիճ լցնում: Որևէ մեկին ստիպե՞լ են, որ նրա համերգին գնա կամ նրա նմաններին լսի... Ուղղակի մի լսեք ու վերջ, ու նրանք այլևս չեն լինի: |
Արմինե Գևորգյան, լրագրող
Վաստակավոր արտիստ` երգարվեստում մեծ ավանդ ունենալու համար: Այո, համամիտ եմ վաստակավոր ռաբիսություն ու կլկլոցներ քարոզող, վաստակավոր անճաշակություն տարածող: Այո, վաստակավոր, գնալ դժվարին տարիներին ապրել օվկիանոսից այն կողմ, փափուկ կյանքով, իսկ ես ու նման շատերը զրկանքներ կրելով, բայց հավատալով վաղվա օրվան պայքարելով ապրել, ու մինչ այս պահը շարունակել պայքարել: Վաստակավորի կոչում ստանալ Անկախության տոնին, այն դեպքում, երբ անկախություն ձեռք բերելու տարիներին Արմենչիկը իմ նման զրկանքներ չէր կրում: Մութ, ցուրտ կտրոնով հաց: Բայց մեծ հավատ, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու: Բանակ չծառայածներին` Վազգեն Սարգսյան մեդալ, երգարվեստն ավիրելու ու անճաշակություն տարածելու համար` Վաստակավորի կոչում: Անկախություն ջան, մենք բոլորովին այլ բանի համար էինք պայքարում: |
Աննա Ասլանյան, լրագրող
Ինձ թվում է` Արմենչիկի համերգի տոմս գնողներից ամենաառաջիններն են հիմա զարմացած գրում` վայ, էս ո՞նց եղավ: Ինչ ցանել են, էն էլ հնձում են: Էն աժիոտաժային իրավիճակը, որ սկսվում է Արմենչիկի համերգների նախօրեին, երևի շատերը մոռացել են: |
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Ո՞ր վաստակը... ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում Զախ Հարութին և Արմենչիկին: Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանայիք ՀՀ և ՀՀ նախագահի մասին: Ավելացնելու բան չմնաց: |
Լուսինե Բադալյան, հաղորդավարուհի
Հուսով եմ` այսօր Ապրիլի 1-ն է, իսկ եթե ոչ, ապա, ինչպես դասականն է ասել. «Ողբամ Զքեզ Հայոց Աշխարհ»... Արմենչիկի անձի դեմ ոչինչ չունեմ, ի սեր Աստծո, մարդն ինչպես ուզում, երգում է... Բայց ես ինձ արժանի չեմ համարում էսպիսի արտիստներ, այն էլ՝ վաստակավոր, ունենալուն: |
Լևոն Մութաֆյան, թատերագետ
Այսօր շնորհված պատվավոր կոչումների մեծագույն խայտառակությունն ու ամոթը, ծաղրը... Ո՞վ է Սերժ Սարգսյանին նման բան հուշել, ո՞վ է նրան տվել ստորագրելու այս խայտառակությունը... Ամոթ ու անպատվություն մեր երգարվեստին, ամոթ մեր արժանապատվությանը... |
Սեյրան Խաչատրյան, օգտատեր
Հասկանում եմ ոմանց զայրույթն ու քննադատությունը, բայց, մի մառացեք, որ էդ տղու երգերը շատերի կողմից սիրված են, մի մեծ զանգված էդ երգերի տակ ծնունդ է անում ու հարսանիք... Նախագահը, տեսնելով պահանջարկը, տվել ա էդ կոչումը, ըստ որի` երկար տարիներ Արմենչիկը երգարվեստում բան ա ասել ու լսելի դարձել շատ շատերի համար` սփյուռքի մասին էլ չեմ խոսում: Տակ չտո` զայրանալ պետք չէ, նա էլ իր երգարվեստը սիրողներն ունի: |
16427 | 34